Հունիսի 11-ին Պռոշյանում նոր գյուղապետ կնտրեն

Հայաստանի կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի լիազորությունները կհամարվեն վաղաժամկետ դադարեցված, և կնշանակվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:

«Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը’ հունիսի 11-ին, կնշանակվի և Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն»,-ասվում է Կառավարության որոշման մեջ:

Կառավարությունն անդրադարձել է նաև անցկացվելիք ընտրությունների ֆինանսավորման հարցին: Մասնավորապես.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան’ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին’ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականի երկրորդ եռամսյակում’
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1112202.5 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 405467.5 դրամ»:

Նշենք, որ Հրաչ Մուրադյանը Պռոշյանի գյուղապետ էր ընտրվել 2012 թվականի սեպտեմբերի 23-ին: Նա սպանվել է այս տարվա ապրիլի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում