Քրիստոնյայի կյանքի իմաստն ու արժեքը

Քրիստոնյայի կյանքի իմաստն ու արժեքը

Ճշմարիտ քրիստոնյայի համար կյանքի իմաստն ու արժեքը չհալածվելու, չնախատվելու մեջ չէր, այլ՝ հալածվելով, նախատվելով, սակայն երբեք չհուսահատվելու մեջ էր: Պողոս Առաքյալն իր սիրելի աշակերտ Տիմոթեոսին թելադրում է.«Եվ բոլոր նրանք, որոնք ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով հալածանքների մեջ պիտի լինեն…

…Արթո’ւն եղիր ամեն ինչում նեղությունների մեջ համբերի’ր, ավետարանչի գործե’ր արա, լիուլի կատարի’ր քո պաշտոնը» (Ա. Տիմ. 3:12, 4:5):

Ընդհանրական Քրիստոնեական Հայրերից Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է. «Լավություն – քաջություն է ոչ թե վատ խոսքեր չլսելը, այլ լսելը և այն քաջությամբ տանելը, որովհետեւ այս կերպով գործնականապես հանդիմանվում են դրանք ասողները, որովհետև ոչ թե չչարչարվելն է, չհալածվելն է մեծությունը, այլ չարչարվելը, հալածվելը և սակայն չհուսահատվելը»:

Մարդիկ այսօր «Աստծուն երկնքում չեն փնտրում, այլ՝ նյութի մեջ և «Իրավունքը ուժեղինն է» սկզբունքին են հավատում: Այդ «ուժեղ»-ը անխուսախելիորեն նյութն է: Հավատում են, թե ամեն հարգանք ու պատիվ պիտի ընծայվի նյութին և ոչ թե խելքին, սրտին ու հոգուն:
Այսօրվա ամենաահավոր հիվանդությունը ցուցամոլությունն է: Սա մի հոգեբանական հիվանդություն է, որը նմանվում է դատարկ տակառի ձայն հանելուն:

Հիսուսից հետո ո՞ր մի առաքյալը, ճշմարտախոս և արդար հայրապետը, վարդապետը կամ ճշմարտության ո՞ր մի քարոզիչը չի հալածվել: Սակայն այսօր այդ նոյն հալածվողները իբրև սրբեր զարդարում են Եկեղեցիների Սուրբ Սեղանները; Նրանք պատմության էջերը փայլեցնում են ու դառնում սերունդների ներշնչման աղբյուր: Սակայն ո՞ւր են հալածողները, ո՞ւր են արդարության երեսին ապտակողները և փշե պսակ դնողները: Նրանք Աստծու օրենքի համաձայն խառնվել են գերեզմանների փոշիններին:

Աղոթում ենք Աստծուն, որ աղքատներ, կարոտյալներ և մանավանդ անբուժելի հիվանդներ չլինեն: Աստծու մոտ անկարելի ոչինչ չկա: Մեր աղոթքով կարող ենք հասնել ամեն ինչի: Միշտ աղոթեցեք և լցվեցեք մեր Տիրոջ սիրով, և եթե այդ սիրո համար նույնիսկ հալածանքի ենթարկվեք. «Ցնծացե’ք և ուրախացե’ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է…» (Մատթ. 5:12): Ամեն:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում