Եթե Գագիկ Ծառուկյանն է ընդդիմություն, ապա ոմանք կամաչեն իրենց ընդդիմություն անվանել. Տ Խզմալյան

Հայ իրականության մեջ ընդդիմության գաղափարը վտանգված է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Բազմաթիվ կուսակցություններով և ֆրակցիաներով լի Հայաստանում ներկայումս գոյություն չունի մի ֆորմալիզացված քաղաքական կուսակցություն, խումբ, որը պաշտպանում է հասարակության մեծամասնության, աշխատավոր ժողովրդի շահերը»,- ասաց Տ. Խզմալյանը

«Ընդդիմություն գաղափարը վտանգված է մեզանում: Եթե Գագիկ Ծառուկյանն է ընդդիմություն, ապա ոմանք կամաչեն իրենց ընդդիմություն անվանել: Եթե ԲՀԿ-ն ընդդիմություն է, ապա մենք իշխանություն ենք»,- հավելեց կինոռեժիսորը:

Տիգրան Խզմալյանը նշեց, որ ՀՀ պատմության մեջ եղած ընդդիմադիր բոլոր շարժումների, այդ թվում’ 2008 թ Լևոն Տեր-Պետրոսյանի և 2013 թ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումների գլխավոր սխալ այն է, որ դրանց առաջնորդները անհրաժեշտ «համակարգափոխությունը փորձում էին փոխարինել իշխանափոխությամբ»:

«Մեր ժողովուրդը միշտ մոտենում է մի կարևոր կետի, որից նրան միշտ հետ են քաշում քաղաքական կուսակցությունները և նրանց հետևից կանգնած ուժերը: Մենք երկու անգամ մոտեցանք այդ եզրին, սակայն սկզբից Լևոն Տեր-Պետրոսյանի իսկ այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հսկայական ճնշում գործադրվեց, որպեսզի նրանք մերժեն հրապարակը և վերադառնան կուսակցական նեղ շահերին: Իշխանափոխությունը այլևս բավարար չէ: Դա անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է: Դա ընդամենը աթոռների և ցուցակների փոփոխություն է»,- նշեց Տ. Խզմալյանը:

«Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով: Եվ մենք այդ ծրագիրը առաջարկել ենք: Ապրիլի 9-ին ժողովուրդը պահանջում էր քաղաքական ծրագիր, որը մենք «Ժառանգությանն» առաջարկել էինք, իսկ ժամանակին’ ՀԱԿ-ին: Հիմա կներկայացնենք և մենք այլևս ոչ մեկի չենք միանա: Իսկ Նախախորհրդարանը բաց է բոլորի համար: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ էր կրկնում՝ իջեցնել կուսակցական դրոշները, բայց նա ապրիլի 9-ին բարձրացրեց կուսակցական դրոշը, չնայած նա շատ ճիշտ ձևակերպեց այն միտքը, որ մենք հնազանդ չենք, տեր ենք»,- ասաց Տ. Խզմալյանը:

«Մեր նավը խորտակվում է, և դա շատ լուրջ է: Մենք եզակի երկիր ենք. քսան տարվա մեջ աշխարհում ոչ մի երկրի բնակչության կեսը չի լքել, մնացած բաներն արդեն չասեմ: Սա էն ՝«փամփուշտ ալ չունինք» դառը կատակի այսօրվա օրինակն է՝ մենք կորցնում ենք ազգաբնակչությունը»,- ասաց նա և իր «ախտորոշումը» նա ամփոփեց խոսքերով, որ ամեն օր մենք կորցնում ենք ինչ հնարավոր է. մեր եկեղեցիները, Երևանի Հանրապետության հրապարակը, Սյունիքը, ամեն ինչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում