Տարոն Մարգարյան. Իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել

Аravot.am-ը հարցազրույց է անցկացրել Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է կայքը` հարցազրույցն արդեն պատրաստ է եղել, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել, պարզել Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև`

Տարոն Մարգարյանը՝ իր ունեցվածքի, Երեւանի «մսխված» բյուջեի, պատգամավոր աներորդու եւ Անաստասիա Վոլոչկովայի մասին:

– Նախագահի ընտրությունից հետո շատ խոսվեց Երեւանի Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանի պարտության մասին: Շատերը ակնկալում էին Ջեր հրաժարականը, ինչը տեղի չունեցավ: Ինչո՞ւ հրաժարական չտվեցիք:

– Նախ՝ պետք է շեշտեմ, որ Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանը պարտություն չի կրել: Ցավոք, որոշ շրջանակների համար նախագահական ընտրությունների արդյունքները քաղաքական շահարկումների ու վաղուց կուտակված վերաբերմունքի հիմք ծառայեցին: Հիասթափեցնեմ. որպես Երեւանի քաղաքապետ՝ հրաժարականի հիմք չունեմ: Հատկապես եթե խոսում ենք ընտրական տրամաբանությամբ, մայրաքաղաքում, որը, որպես կանոն, լինում է ընդդիմադիր, Սերժ Սարգսյանը հաղթել է:

– Երեւանցիներին, մասնավորաբար՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մեղմ ասած, դուր չէր գալիս, որ քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ առաջին տեղն են զբաղեցնելու: Երեւանի մի շարք համայնքներում Սերժ Սարգսյանի պարտությունից հետո ի՞նչն է ՀՀԿ-ին այդքան լավատեսության հիմք տալիս:

– Ես չեմ տեսել քարոզչությանը մասնակցող որեւէ քաղաքական ուժ, որը ընտրություններից առաջ հայտարարում է, թե ինքը պարտվելու է, հատկապես, որ հաղթանակի ամենամեծ հայտերը վերջին բոլոր ընտրություններում ներկայացրել են հանրապետականները: Ժողովրդավարական գործընթացները թելադրում են նոր իրավիճակներում ընտրությունների անցկացման եւ կազմակերպման ավելի կատարյալ մեխանիզմների ներդրում: Մենք կարող ենք պարտվել որոշ տեղամասերում. դա բնական եւ նորմալ երեւույթ եմ համարում: Հասուն քաղաքական ուժերը դրանից անում են հետեւություններ, որպեսզի հասկանան՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրողի նման տրամադրվածությունը: Այսօր Դուք չեք գտնի որեւէ քաղաքական կուսակցություն, որը պատրաստ է հայտարարել, թե ինքը պարտվելու է, իսկ ՀՀԿ-ի նշաձողը միշտ եղել է շատ բարձր, ուստի ակնհայտ է, որ առաջին տեղից բացի՝ ցանկացած այլ տեղ մեզ համար անհաջողություն է:

– Քաղաքապետարանի գործունեության լուսաբանման քողի տակ գովազդվում է ՀՀԿ-ական քաղաքապետը: Ինչո՞ւ եք խախտում օրենքը:

– Ձեր հարցադրումները լավ իմաստով մի փոքր սադրիչ են, ինչն ինձ թույլ է տալիս ավելի բաց ու անկեղծ լինել: Եթե հանրապետական քաղաքապետը լավ է աշխատում, ապա դա ամենալավ քարոզչությունն է, եւ գործող քաղաքապետը Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանումը չի օգտագործում քարոզչության նպատակներով: Այլ հարց է, որ գուցե որոշ մարդկանց դուր չի գալիս, որ քաղաքապետարանը, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես է, լավ է աշխատում: Երեւանի քաղաքապետարանի միջոցառումներն ու ծրագրերը հիմնականում երեւանցիների կողմից ընդունելի են եւ վայելում են նրանց աջակցությունը: Հարցադրման մնացած պնդումներն իմ մեկնաբանության տիրույթից դուրս են:

– Ձեր նախընտրական շտաբի պետը եւ այլ կուսակից ընկերներ հայտարարեցին, որ վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն եք: Որքանո՞վ է սա իրականություն կամ չափազանցություն:

– Սոցիոլոգիական հարցումները մեկնաբանելն անշնորհակալ գործ է: Դրանք հաճելի են, եթե մատնանշում են քո առավելությունները, եւ դիտվում են խնդրահարույց, եթե դու առաջինը չես: Սովորաբար այդպես է բոլորի, բնականաբար, նաեւ ինձ համար: Սոցիոլոգիան Հայաստանում զարգացում է ապրում նույնքան, որքան այլ հասարակական գիտությունները՝ հետզհետե ավելի բարձր մակարդակ է դրսեւորվում ամեն ասպարեզում: Ես չեմ ուզում մեկնաբանել՝ լավագույն քաղաքապետն եմ, թե ոչ: Համենայնդեպս, իմ գործընկերներն այդ մասին խոսելիս հղում են անում սոցհարցումներին, ու դրանք մաստակ սարքելը, կարծում եմ, մեր թիմի ներսում որոշակի պառակտում մտցնելու մղումով է թելադրված, որը, սակայն, որեւէ արդյունք չի տալիս: Ուզում եմ նշել, որ ես բարձր եմ գնահատում Երեւանի նախկին քաղաքապետերի աշխատանքը: Երեւանի յուրաքանչյուր նոր քաղաքապետ համարվում է նախորդի գործի շարունակողն ու ժառանգորդը, եւ ամեն մեկը յուրովի մասնակից է դառնում Երեւանի զարգացմանն ու ունենում իր ներդրումը մայրաքաղաքի զարգացման գործում: Աշխատանքի ընթացքում որեւէ մեկը թերություններից ու սխալներից երաշխավորված չէ, բնականաբար՝ բացթողումներ ունեմ նաեւ ես:

– Ձեր շնորհիվ պատգամավոր դարձավ Ձեր կնոջ եղբայրը, ինչը շահարկումների տեղիք տվեց: Ինչո՞ւ այլոց նման մեծացրիք Ձեր խոցելիության աստիճանը:

– Այս խնդիրը ժամանակին շահարկվեց: Ռոբերտ Սարգսյանին պատգամավոր են ընտրել ավանցիները: Այո, որոշակի առումով սա գուցե նաեւ վստահության քվե էր՝ տրված ինձ: Բայց գործող քաղաքական գործիչների հետ բարեկամական եւ հարազատական կապ ունենալը չի նշանակում, թե այդ կապը պետք է դառնա շահարկման առիթ, ու նրանց քաղաքական կամ մասնագիտական առաջընթացը դրանից պետք է տուժի:

– Աշխատանքի բերումով հանդիպել եւ հանդիպում եք բազմաթիվ անձանց, սակայն ռուս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ հանդիպումը չի մոռացվում, եւ ասում են, որ առաջիկա օրերին գալու է Երեւան՝ հատուկ Ձեր քարոզարշավի համար: Ինչո՞ւ է հատկապես Վոլոչկովայի հետ Ձեր հանդիպումը քննարկվում, եւ ե՞րբ է նորից Երեւան գալու Վոլոչկովան:

– Այս հարցին մի քիչ կատակով պատասխանեմ. երբ հերթական լրատվամիջոցներից մեկում Վոլոչկովայի հետ կապված հերթական հրապարակումն էր լույս տեսել, իմ գործընկեր եւ ընկեր Արմեն Աշոտյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Տարոն ջան, ներվերդ պինդ պահի, մի մասը Վոլոչկովային է նախանձում, մի մասն էլ՝ քեզ»: Կատակի մեջ երեւի որոշ ճշմարտություն կար: Իսկ եթե ավելի լուրջ, ժամանակակից քաղաքականության, այսպես կոչված, գլամուրային դրսեւորումները եւ «դեղին ոճը» նորմալ երեւույթ են, ես ըմբռնումով եմ մոտենում:

– «Երեւան» հիմնադրամի 2012թ. հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում «Երեւան» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար ծախսել է 3.728.138.133 ՀՀ դրամ: Հաշվետվության մեջ, սակայն, ինչպես հարկն է նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր են իրականացվել, եւ որքա՞ն գումար է հատկացվել յուրաքանչյուր ծրագրի համար: Տրված է միայն ծրագրերի ընդհանուր նկարագիրը՝ բարեկարգում, կանաչապատում, կառուցապատում, սպորտային, մշակութային ծրագրերի իրականացում եւ այլն: Հիմնադրամը ֆինանսական միջոցներ է ստացել Երեւան քաղաքի բյուջեից ստացված աղբյուրներից՝ 2. 473.757.365 դրամ (որպես նպատակ՝ հաշվետվության մեջ անորոշ նշվում է՝ «միջոցառումների համար»): Բացի դրանից, հիմնադրամին CIUDAD Gospel ծրագրի իրականացման համար 30.995.489 դրամ հատկացրել Եվրամիությունը: Սակայն «ֆինանսական աղբյուրները» հոդվածի ամենաուշագրավ հատվածը հետեւյալն է՝ «Երեւան» հիմնադրամը նախորդ տարվա ընթացքում 1 միլիարդ 118 միլիոն 20 հազար 754 դրամ գումար է ստացել «կազմակերպություններից եւ անհատներից՝ քաղաքի բարեկարգման, կրթական, մշակութային եւ այլ կազմակերպություններին, անհատներին օժանդակություն տրամադրելու նպատակով»: Թե քանի՞սն են այդ «կազմակերպություններն ու անհատները», ի՞նչ է դրանց անունը, որքա՞ն գումար է նրանցից յուրաքանչյուրը հատկացրել հիմնադրամին եւ ի՞նչ նպատակով, հաշվետվության հեղինակները չեն նշել: Եվ, ընդհանրապես, օպոնենտ քաղաքական ուժերը Ձեզ շատ մեղադրեցին նաեւ մայրաքաղաքի բյուջեի ոչ արդյունավետ կառավարման մեջ: Ինչո՞ւ եք «քամուն տվել» երեւանցիների գումարները:

– «Երեւան» հիմնադրամը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ: Նախորդ 4 տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության առնչությամբ որեւէ քննադատություն չի հնչել: Հիմնադրամի խնդիրն այսօր քաղաքական շահարկման թեմա է դարձել: Կարծես, նոր տեղն իմացան: Ցավոք, մեր որոշ քաղաքական գործընկերներ սեւ PR-ի՝ տարիներով դրսեւորված հմտություններ կիրառեցին, եւ այդ ամենն ինձ վրա քաղաքական կոմպրոմատների պայքարի տպավորություն է թողնում: Բայց ես վստահ եմ, որ երեւանցու ընտրության վրա այդ ամենն ազդեցություն չի ունենա:

– Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ձեր հայտարարագրված եւ չհայտարարագրված ունեցվածքի մասին: Դուք որեւէ կերպ չարձագանքեցիք: Ձեր չհայտարարագրված ունեցվածքի մասին հրապարակված ցանկում եղած «օբյեկտները» իսկապե՞ս Ձեզ են պատկանում: Ի դեպ, Ձեր հայտարարագրած ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է: Ինչպե՞ս եք հասցրել այդ ամենը կուտակել, մանավանդ, որ գործարարությամբ չեք զբաղվել. եղել եք Ավան համայնքի ղեկավար, փոխքաղաքապետ եւ քաղաքապետ:

– Այս հարցի շահարկումը նույնպես կոմպրոմատների շարքից է: Որպես Ավանի թաղապետ՝ սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաեւ իմ հայրը՝ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երեւանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները եւս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետեւ երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջեւ մեծ խզում է լինում:

– Ինչո՞ւ քարոզարշավը տարվեց Ձեր անձի շեշտադրմամբ եւ ոչ թե կուսակցության: Կարծում եք՝ ՀՀԿ-ի ներկայիս ոչ բարենպաստ իմիջը կխանգարե՞ր Ձեզ:

– ՀՀԿ-ն այն բացառիկ ուժերից է, որը հայտարարում է, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը՝ իր հաջողության հասնելու պարագայում: Մեր շատ քաղաքական մրցակիցներ այս հարցի պատասխանը հստակ չեն ներկայացրել հասարակությանը: Այո, իմ ընկերներն ասում են, որ իմ անձնական վարկանիշը որոշ դեպքում ավելի բարձր է, քան կուսակցության քաղաքական վարկանիշը: Բայց ես ՀՀԿ անդամ եմ, կուսակցության Երեւանի կառույցի պատասխանատուն եւ պարտավորություն ունեմ իմ գործունեությամբ նպաստելու կուսակցության վարկանիշի բարձրացմանը: Ամեն կուսակցություն ունի իր քարոզչական ռազմավարությունը: Եթե Երեւանի ավագանու քարոզարշավն ավելի շատ կառուցվում է իմ անձի շուրջ, դա չի նշանակում, թե կուսակցության գործերը վատ են: Դա ընդամենը նշանակում է, որ մենք ավելի բաց ու ազնիվ ենք: Չմոռանանք, որ ես ընտրության եմ գնալու մեծ թիմով, ավագանու ցուցակով. նրանք միշտ ուղեկցում են ինձ նախընտրական հանդիպումների ժամանակ: Ես պատիվ եմ համարում այդ թիմը գլխավորել:

– Ի դեպ, ողջ քարոզարշավի ընթացքում Ձեր թիմակիցները Ձեզ ուղղված իրենց գովեստներում շեշտադրում էին այն, որ Դուք լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին եք եւ ինքներդ էլ հինգ երեխայի հայր: Տպավորություն էր, որ Դուք այլ արժանիքներ չունեք Երեւանի քաղաքապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար:

– Քարոզարշավի ընթացքում գովեստները երեւի անխուսափելի են. պետք է խոստովանեմ, որ ինքս միշտ խուսափում եմ գովասանքի խոսքերից: Մի տեսակ իմ ոճը չէ: Իմ հպարտությունն է, որ ես Անդրանիկ Մարգարյանի որդին եմ, Մարգարյանների գերդաստանի ներկայացուցիչը եւ այդ գերդաստանը շարունակում եմ 5 երեխաներով: Վստահ եմ, որ անգամ Դուք, որ տալիս եք այս հարցը, գիտեք, որ դա իմ միակ արժանիքը չէ: Ինչ խոսք, ես պատասխանատու եւ հաշվետու եմ նաեւ հորս հիշատակի եւ երեխաներիս ապագայի առջեւ: Ես Մարգարյանների ընտանիքում, ինչպես ցանկացած այլ երիտասարդ, կամուրջ եմ իմ տոհմի նախնիների եւ սերունդների միջեւ:

– Ի՞նչ է անելու Տարոն Մարգարյանը մայիսի 6-ին:

– Մայիսի 6-ին, ինչպես մնացած բոլոր օրերին, պարզ ճակատով նայելու եմ երեւանցիներին, իմ ժողովրդին, ինձ ընտրած եւ չընտրած մեր քաղաքացիներին: Շարունակելու եմ աշխատել հանուն ավելի լավ Երեւանի: Հարյուր հազարավոր մարդիկ հույսեր են կապել մեզ հետ, եւ այդ հույսերը արդարացնելու ենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում