Տիգրան Քոչարյան. Վ.Օսկանյանը ստեղծել է արևմտամետ խումբ` ԲՀԿ-ի ներսում

«Վարդան Օսկանյանը ստեղծել է մի արևմտամետ խումբ «Բարգավաճ Հայաստանի» ներսում, որը կարող է առանձնանալ կուսակցությունից, եթե չհաջողվի Գագիկ Ծառուկյանին համոզել դառնալ ընդդիմադիր, և այդ իմաստով Վարդան Օսկանյանը դանդաղ գործող ական է ԲՀԿ-ի ներսում», – այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը: Ըստ բանախոսի’ նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո նախկին արտգործնախարարը փորձում է իր ուժերը չափել Երևանի ավագանու ընտրություններում, սակայն իրականում այնքան էլ մեծ շանսեր չունի հասնել որևէ հաղթական արդյունքի, քանի որ մեծամասամբ իր վարկանիշը կախված է ԲՀԿ առֆաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշից:

«Վարդան Օսկանյանը ընկալելի անձ չէ, քանի որ շատ մարդկանց երբ հարցնում ես’ ԲՀԿ-ն ով է, ասում են’ Գագիկ Ծառուկյանն է: Հասարակ մարդիկ ասում են’ մենք Գագիկ Ծառուկյանին կընտրենք և զարմանում են, երբ իմանում են, որ նա չի մասնակցում ընտրություններին»,- ասաց նա: 

Բլոգերը անդրադարձավ նաև Արմեն Մարտիրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական պաստառին’ նշելով, որ այլ երկրներում միգուցե դա ընդունելի լինի, սակայն իր համար ևս անհասկանալի պաստառ է, երբ երկու տղամարդ իրար ձեռք բռնած են:

Տիգրան Քոչարյանը վստահություն հայտնեց, որ Տարոն Մարգարյանը ընտրությունների արդյունքում կդառնա քաղաքապետ, երկրորդ ուժը կլինի ԲՀԿ-ն, երրորդը’ «Բարև Երևանը»:

«Այդ երեքը կմտնեն ավագանու կազմ, միգուցե ՀՅԴ-ն կամ ՕԵԿ-ը ևս տեղ ունենան ավագանիում»,-ասաց նա: Բլոգերը հայտնեց, որ Տարոն Մարգարյանի վարկանիշը Երևանում երկու անգամ ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը, ինչը կարելի է հանդիպել նաև ՕԵԿ-ի և Արմեն Երիցյանի դեպքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում