Երկնքի հետ խաղացող Չալիկը
Նմանատիպ
Սա մի հրաշալի հեքիաթ է մի սովորական շնիկի մասին: Ավելի ճիշտ՝ սա մի սովորական հեքիաթ է մի հրաշալի շնիկի մասին:
Նրա անունը Չալիկ էր:
Չալիկը ծնվել էր իր քույրերի ու եղբայրների հետ: Քույրերն ու եղբայրներն ամբողջովին սև էին: Չալիկն էլ էր սև, բայց ճակատն ու պոչը սպիտակ-սպիտակ էին:
Երբ շնիկները ծնվեցին, մայրիկը հրճվանքով նայեց իր սև ձագուկներին, հետո նայեց Չալիկին ու ասաց. «Այս մեկը ուրիշ է»:
Շուտով Չալիկը մեծացավ, մեծ տղա դարձավ: Նա ամբողջ օրը վազվզում ու խաղում էր ճիշտ ու ճիշտ մյուս շնիկների պես:
Բայց մի օր հանկարծ տխրեց Չալիկը: Քիթը գետնին քսելով քայլում էր ու մտածում. «Մայրիկը կարծում է, թե ես ուրիշ եմ: Ինչքա՜ն կտխրի, երբ իմանա, որ ես սովորական շնիկ եմ»:
Իսկ Չալիկը այնպե՜ս չէր ուզում տխրեցնել մորը:
Խեղճ շնիկի քունը չէր տանում: Գիշերները պառկում էր, գլուխը դնում թաթին, նայում էր երկնքին ու հոգոց հանում: Ինչ սիրո՜ւն էր գիշերվա երկինքը: Եթե կարողանար բարձրանալ այնտե՜ղ, հասնել աստղերին ու լուսնի՜ն:
Ու Չալիկը հասկացավ: Ինքը պիտի տիեզերագնաց դառնա: Պիտի բարձրանա երկինք: Մթնով ճանապարհ գնալը դժվար է, բայց ի՞նչ արած, աստղերն ու լուսինը գիշերն են դուրս գալիս: Այո՛: Չալիկը պիտի գիշերային տիեզերագնաց դառնա: Ահա՜ թե ինչ գիտեր մայրիկը իր մասին:
Ու Չալիկը վեր կացավ գետնից, թափ տվեց իրեն, ցցեց սպիտակ պոչը: Պետք էր շտապ ճանապարհ ընկնել: Իսկ ինչպե՞ս հասնել աստղերին ու լուսնին: Շնիկը գիտեր դրա պատասխանը: Երկինք հասնելու համար նախ պետք է գնալ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ:
Ու քայլեց Չալիկը երկինք տանող ճանապարհով: Մայրիկից հեռացավ, բայց ոչինչ: Ինքը հո վախկոտ շուն չէ՞: Գնաց ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Մեկ էլ… Ա՜յ քեզ զարմանք: Հասավ մի մեծ, սև ու փայլուն բանի: Այդ մեծ, սև ու փայլուն բանի մեջ լուսինն էր ու աստղերը: «Ահա և երկինքը: Ես տեղ հասա»,- մտածեց շնիկը:
– Բարև՛ ձեզ, աստղեր ու լուսին: Այդ ես էի, որ…: Մի խոսքով, ես Չալիկն եմ:
Ու շնիկը մեկնեց թաթը՝ լուսնի ու աստղերի հետ ծանոթանալու համար: Երկինքը շարժվեց: Նրա վրա ուրախ օղակներ հայտնվեցին:
«Երկինքը ծիծաղում է,- մտածեց Չալիկը:- Աստղերը պարում են»:
Հետո երկինքն անշարժացավ: Չալիկը նորից թաթը մոտեցրեց լուսնին ու երկինքը նորից ծիծաղեց: Աստղերն ու լուսինը նորից պարեցին: Չալիկն էլ ծիծաղեց ու պարեց նրանց հետ: Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում են զգում:
– Մենք լավ խաղացինք,- ասաց շնիկը,- բայց ես պիտի Երկիր վերադառնամ: Իմ տունն այնտեղ է: Դե՛, բարի գիշեր:
Ասաց ու երկնքից ուրախ-ուրախ տուն վերադարձավ:
Գիշերային տիեզերագնաց Չալիկը մրսել էր: Տեղավորվեց մայրիկի տաք գրկում ու քնեց:
Հաջորդ օրը շնիկն առաջվա պես խաղում ու վազվզում էր: Չէ՞ որ արդեն գիտեր, թե մայրիկն այն ժամանակ ինչու ասաց. «Այս մեկը ուրիշ է»: Դա իրենց գաղտնիքն էր, որ պահել էր պետք:
Այսպես, Չալիկը ցերեկն անցկացնում էր մյուս շնիկների պես, իսկ գիշերը նույն ճանապարհով բարձրանում էր երկինք, պարում, ծիծաղում էր աստղերի ու լուսնի հետ ու տուն վերադառնում:
Օրերը գնալով ցրտում էին: Դա լավ չէր, բայց ոչի՜նչ: Երկինք գնալ-գալը Չալիկի համար խաղուպար էր դարձել:
Մի օր էլ Չալիկը սովորականի պես սպասեց, որ մթնի, և երբ բոլորը քնեցին, քայլեց ծանոթ ճանապարհով: Տեղ հասավ, իսկ երկինքը չկար: Չալիկն անհանգիստ վազվզեց, կլանչեց: Ախր ինքը ճիշտ էր եկել՝ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Ո՞ւր կորավ երկինքը: Էլ ի՞նչ տիեզերագնաց՝ առանց երկնքի: Չալիկը սպասեց, սպասեց, հետո ցրտից դողալով տուն գնաց, մայրիկին գրկեց ու լաց եղավ:
– Ի՞նչ է եղել, Չալիկս,- հարցրեց մայրիկը:
Չալիկն այնպե՜ս չէր ուզում, որ մայրիկն իր պատճառով տխրի, բայց քիթը քաշելով պատմեց, թե ինչպես է ինքը տիեզերագնաց դարձել ու թե ինչպես է հանկարծ կորցրել երկինքը:
– Քնի՛ր, տղա՛ս, առավոտյան կգտնենք:
Լույսը չբացված՝ Չալիկն ու մայրիկը ճանապարհ ընկան: Չալիկը գնում էր առջևից: Չէ՞ որ երկնքի ճանապարհը ինքը լավ գիտեր:
– Աստղերն ու լուսինը ցերեկով չեն երևա, մա՛:
– Ոչի՛նչ, երկինքը հո տեղում կլինի:
Երբ ուղիղ գնալուց հետո թեքվեցին ձախ, հետո՝ աջ, Չալիկը կանգ առավ:
– Հասանք,- արցունքը կուլ տվեց շնիկը:- Այ, այստեղ էր: Ես ամեն օր խաղում էի երկնքի հետ:
Մայրիկը նայեց ու ամեն ինչ հասկացավ:
– Սա լիճ է, Չալի՛կս: Ջուրը սառել է ցրտից: Երբ գարունը գա, սառույցը կհալվի, լճի մեջ նորից կերևա երկինքը ու դու նորից գիշերային տիեզերագնաց կդառնաս:
– Բայց դա կարող են անել բոլոր շնիկները: Էլ ինչո՞վ եմ ես ուրիշ: Ես սովորական շնիկ եմ: Սպիտակ ճակատով, սպիտակ պոչով սև շնիկ:
– Որը երկրի վրա երկինք է գտել:
– Ախր սա լի՜ճ է, սովորական լի՜ճ:
Մայրիկը լպստեց Չալիկի սև դունչը:
– Բոլոր լճերն էլ սովորական են, քանի դեռ շնիկները նրանց մեջ չեն գտել երկինքը:
Երազիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում