ՔՀԻ–ն իրականացնում է Երևանի ավագանու ընտրություններ – 2013 նախաձեռնությունը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ – 2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ընտրական գործընթացում:

Ծրագիրը կգործի մեկ ամիս՝ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 15–ը։

Նախաձեռնության շրջանակներում գործում է թեժ գիծը՝ 080-080-804 համարով, որը տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն ընտրություններին առնչվող ցանկացած հարցով և որը կարձագանքի ընտրական իրավունքի խախտումների դեպքում։ Քվեարկության օրը՝ մայիսի 5-ին, գործելու են իրավական շտապ օգնության 10 մեքենաներ’ լրագրողի, դիտորդի և փաստաբանի կազմով։

Մեքենաները կշրջեն Երևանի ողջ տարածքով և, անհրաժեշտության դեպքում, կարձագանքեն թեժ գծին ստացված ահազանգերին։ Այս տարի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կիրականացնի նաև դիտորդություն մայրաքաղաքի Ավան թաղամասում։

Քվեարկության ընթացքին և խախտումներին վերաբերող տեղեկություններին հնարավոր կլինի հետևել www.hra.am կայքէջում՝ մեր մշտապես թարմացվող լրահոսի միջոցով: «Երևանի ավագանու ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է և պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։ «Երևանի ավագանու ընտրություններ – 2013» իրավական նախաձեռնությանն աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Զառա Ամատունի

Հաղորդակցության գծով ղեկավար

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում