Կյանքի իմաստավորումը

Կյանքի իմաստավորումը

Կյանքն իմաստ ունի այն պահից, երբ մեզ տրվու՞մ է, թե՞ մենք ենք այն իմաստավորում:

Կյանքը միշտ իմաստ ունի, բայց սկզբնավորման պահից այն իմաստ ունի այլոց համար, իսկ անձի համար` միայն գիտակից դառնալուց հետո, քանզի իմաստն առանց գիտակցության հնարավոր չէ ընկալել:

Կյանքն իմաստավորելը նաև նշանակալի ինչ-որ բանով կյանքն արժևորելն է: Կյանքի իմաստավորումը աստվածահաճո ընթացքի, գործերի միջոցով է կայանում, չնայած որ մեղսասեր մարդիկ կարծում են, թե կյանքի իմաստը մեղավոր հաճույքների, վայելքների մեջ է:

Սա նշանակում է, որ մենք ենք իմաստավորում մեր կյանքը` կախված հավատքից, բարոյական ընկալումներից, կրթվածությունից, ինչպես և շրջապատի, հասարակության ազդեցությունից, գերիշխող պատկերացումներից և անգամ պայմաններից բխող թելադրանքներից:

Հետևաբար, հաճախ մարդու կողմից իր կյանքի իմաստի փնտրտուքը կամ կյանքի իմաստի ճշգրտումը միայն անհատական նշանակություն չունի, այլ կրում է տարբեր գործոնների կնիքը:

ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ Է

Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնց համար կյանքի իմաստը մահվան մեջ է:

Քրիստոնեական տեսակետով կարելի է ասել, որ այս երկրային կյանքի իմաստն աստվածահաճո կերպով ապրելով և մահվամբ հավիտենական կյանք անցնելու ու հավերժական երանությանն արժանանալու մեջ է:

Դավիթ Անհաղթը Պլատոնի նման ուսուցանում էր, որ փիլիսոփայությունն Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության և մտածում է մահվան մասին: Սակայն այլ տեսակետից կարող ենք խոսել ինքնասպանների մասին, որոնց համար ոչ թե կյանքի իմաստը, այլ կյանքի վերջնական նպատակը մահվան մեջ է, ինչը դատապարտելի է:

Հավատացյալի համար այս կյանքն արհամարհելու և միմիայն մահվամբ հավիտենություն անցնելու մասին մտորելու, այս կյանքի իրողություններին ընդհանրապես անհաղորդ լինելու վարմունքը ևս անընդունելի է: Կյանքը մեծագույն պարգև է` Աստծո կողմից շնորհված, և պետք է այն ապրել բարեպաշտ ընթացքով, ինչու չէ, նաև հաճույք ստանալով կյանքի շնորհած բարիքներից, ընտանեկան կյանքից, մարդկանց հետ ազնիվ հաղորդակցությունից, օգտակար գործերի իրականացումից:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում