Վլադիմիր Գասպարյան. Մեր երկրում ոչինչ երբեք չի լինում թաքցնել

Այսօր Գյումրիում ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ չցանկացավ անդրադառնալ ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների’ վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մասին հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի մանրամասներին և այդ հանցանքների համար մեղադրվող կամ կասկածվող անունների ցանկին:

Ինչպես տեղեկանում ենք ԳԱԼԱ լրատվականից՝  այն հարցին, թե ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատել է, որ ոստիկանության առանձին պաշտոնյաների ցանկ կա, որը հարաբերվում կամ առնչվում է հարուցված քրեական գործերին՝ ՀՀ Քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ), Վ. Գասպարյանը հորդորեց դիմել հենց ՀՔԾ:

«Դիմեք հատուկ քննչական ծառայությանը: Ոստիկանությունն ունի իր գործառույթները, ունի նյութեր, որոնք գտել է նպատակահարմար, որպեսզի փոխանցի Հատուկ քննչական ծառայությանը, որովհետև մեր սուբյեկտների՝ ոստիկանների հետ կապված տեղեկություններ կան, և մենք տրամադրել ենք Հատուկ քննչական ծառայությանը»:

Այն հարցին, թե Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան կողքին շրջանառվում է նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը, ոստիկանապետ Վ. Գասպարյանը ասաց. «Կոնկրետ նշեմ՝ պարոն Բաբակեխյանի և Ներսիկ Նազարյանի համար մենք երբեք նման հայտարարություն չենք արել, իսկ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Եվ ես ոչ միայն իրավասու չեմ՝ շեղվելու մանրամասներ ասելու, այլև՝ ենթադրություններ անելու: Ես, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանապետն եմ, այլ ոչ թե քննիչ, և իմ վարույթում չի գտնվում: Միայն ասեմ, որ մեր երկրում ոչինչ երբեք չի լինում թաքցնել»:

Լրագրողի հարցին, թե սպասվու՞մ են Շիրակի մարզում բարձրաստիճան ոստիկան-պաշտոնյաների փոփոխություններ, և հնարավո՞ր է՝ ոստիկանապետի այցը Գյումրի նաև այդ տրամաբանության մեջ է, Վ. Գասպարյանը ասաց. «Ոստիկանությունը կենդանի օրգան է, հազարավոր մարդիկ են աշխատում համակարգում: Ես արտառոց բան չեմ տեսնում, երբ փոփոխություններ են տեղի ունենում: Արտառոց տեսնում եմ այն ժամանակ, երբ կադրային փոփոխություններ տեղի չեն ունենում: Այսինքն՝ տեղի է ունենում լճացում: Բայց կոնկրետ այս դեպքը կադրային փոփոխության հետ կապ չունի»:

Անդրադառնալով Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկման շուրջ տարբեր վարկածներին՝ Վ. Գասպարյանը ասաց. «Ոչ մի վարկած չկա, ես կրկնվեմ, ես իմ տեսակետի մեջ եմ, մարդը 10 տարի նույն պաշտոնում աշխատել է, իհարկե կան և՛ հաջողություններ, և՛ թերություններ: Բայց մի բան էլ կա՝ 10 տարի նույն պաշտոնում չի կարելի հանդուրժել: Ես բավականին լավ փորձ ունեմ դրանում, որովհետև ես 14 տարի երկրի ռազմական ոստիկանության պետն եմ եղել, չէր կարելի հանդուրժել այդքան ժամանակ: Եվ 3-4 տարի հետո աչքդ սովորում է, ինչքան էլ լավ աշխատած ես լինում, այնուամենայնիվ, սիրտդ աշխատանքի համար ցավում է և կուրանում ես ու ինքդ քո թերությունները չես տեսնում: Հենց սկսեցիր նկատել, որ ամեն ինչ նորմալ է, դա ավարտի սկիզբն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում