Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Համբուրգում ներկայացնելու է հայկական կոմպոզիտորական արվեստը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Համբուրգում ներկայացնելու է հայկական կոմպոզիտորական արվեստը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 28-ին համերգով հանդես է գալու Գերմանիայում՝ դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Էլբֆիլհարմոնիայի (Elbphilharmonie) Մեծ դահլիճում։ Այս մսին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Համբուրգում կայանալիք համերգի ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելու է հայ կոմպոզիտորական արվեստը. երեկոյի ընթացքում հնչելու են Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան և Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան։

Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը համաշխարհային պրեմիերա է։

«Մեր համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ ներդաշնակ է։ Այն ամբողջովին ըմբռնում է իմ գեղագիտական պատկերացումները։ Սա շատ կարևոր է։ Նվագախումբը միշտ պատրաստակամությամբ է անդրադառնում իմ ստեղծագործություններին։ Կոլեկտիվում շատ լավ մթնոլորտ է տիրում։ Դու հանգիստ ես նրանց հետ աշխատանքում և կարողանում ես լիակատար արտահայտել քո ցանկությունները»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Էդուարդ Հայրապետյանը։

Կոմպոզիտորն իր Թավջութակի չորրորդ կոնցերտը գրել է 2017թ. Նարեկ Հախնազարյանի համար։

«Գրել մենակատարի համար ինձ համար նշանակում է պատկերել նրա երաժշտական դիմանկարը, պատկերացնել երաժշտին բեմի վրա, նրա շարժումները, թափանցել նրա զգացումների տրամաբանության մեջ: Եվ ինձ համար մեծ պատիվ է, պատասխանատվություն ու երջանիկ իրողություն, որ Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայանում է գերմանական հողի վրա` Համբուրգում»,- ասել է Էդուարդ Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում