Ռոբերտ Քոչարյանը կտրականապես դե՞մ է ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուն

Թերթն այսօրվա համարում գրել է. «ԲՀԿ-ն իրականում հոգնել է այլընտրանք խաղալուց, առաջիկա 4 տարում ընտրություններ չկան, այս կիրակի տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններից հետո, ըստ էության, վերանում է նաև կուսակցության ներկայիս կեցվածքի շարունակության անհրաժեշտությունը և ՀՀԿ-ԲՀԿ ամենաբարձր էշելոններում քննարկվում է նոր կոալիցիա ձևավորելու հարցը: Քաղաքական կուլիսներում, սակայն, տեղեկություններ կան, որ կա մեկը, ով կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուն: Ռոբերտ Քոչարյանը, ով կանգնած է սույն կուսակցության ստեղծման ակունքներում, չի ցանկանում, որպեսզի նման կոալիցիա ձևավորվի, քանի որ 2017-18թթ. ընտրություններում, այդ կուսակցության հետ կապված պլաններ ունի: Ըստ Քոչարյանի հաշվարկների, ԲՀԿ-ն պետք է լինի այն հենարանը, որի օգնությամբ նա կարող է վերադառնալ իշխանության: Նման մի փորձ Քոչարյանը, ինչպես հայտնի է, արեց 2012-ի Աժ ընտրություններից առաջ, ինչը, սակայն, անհաջողությամբ պսակվեց: Ու հիմա’ նրա վերադարձի միակ շանսը մնում են 2017-18թթ ընտրությունները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց դրանով է պայմանավորված Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը, որ իր կարծիքով, ԲՀԿ-ն Աժ աշնանային նստաշրջանում պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, որ հնարավոր է’ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի տապալման դեպքում Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը հանձնի Օսկանյանին, վերջինս էլ Աժ աշնանային նստաշրջանում հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Այդ պարագայում, սակայն, ԲՀԿ-ն Օսկանյանին կհանձնվի խիստ թուլացած վիճակում առանց գործարար թևի»: Սույն թեմաների շուրջ թերթը նախօրեին զրուցել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հերքել է այս բոլոր տեղեկությունները’ բացառելով ԲՀԿ-ն Օսկանյանին հանձնելու հնարավորությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում