Կփրկի՞ նոր տնօրենը «ԱրմենՏելը» կործանումից

Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների, «ԱրմենՏել» ընկերությունը շուտով նոր գլխավոր տնօրեն է ունենալու՝ Անդրեյ Պիտախինը: 2009թ. Ա. Պիտախինը եղել է Վրաստանում «Բիլայն» ընկերության ղեկավարը: Այստեղ նրան հաջողվել է ընկերության բաժանորդային բազան ավելացնել 2.5 անգամ, իսկ գործարքների եկամտաբերությունն ավելի քան 5 անգամ: Նման հաջողության շնորհիվ նա նշանակվել է «Վիմպելկոմի» Մոսկվայի տարածաշրջանային մասնաճյուղի փոխնախագահ: Եվ ահա, շուտով գալու է Հայաստան՝ ղեկավարելու «ԱրմենՏել» ընկերությունը: Թե «ԱրմենՏելում», թե «Վիմպելկոմում» հույս ունեն, որ Ա. Պիտախինը կկարողանա ոտքի կանգնեցնել ընկերությունը, որը վերջին տարիներին հայտնվել է ֆինանսական և այլ խնդիրների առջև: Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն պաշտոնից ազատվել է պայմանագրի ժամկետի ավարտից 4 ամիս ավելի վաղ:

«Տեղեկություններ կային, որ նա ֆինանսական հսկայական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Ավելի ուշ տեղեկություններ կային, թե «ԱրմենՏելի» և Ի. Կլիմկոյի համար ֆինանսական խնդիրներ է առաջացրել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ օգտագործելով հարկային կամ մաքսային լծակները: Այս դեպքում էլ տեղեկություններ էին շրջանառվում, թե Գ. Խաչատրյանն իր «Յուքոմ» ընկերության Ինտերնետ ծառայությունը մալուխային ճանապարհով մատուցելու նպատակով ցանկանում էր օգտագործել «ԱրմենՏելի» դիտահորերը: Նա նույնիսկ ցանկացել է այդ ընկերությունից ձեռք բերել դիտահորերի ցանցը: Դրան ընդդիմացել է ընկերությունը՝ արդյունքում ձեռք բերելով ֆինանսական խնդիրներ: Ի դեպ, Գ. Խաչատրյանի եղբայրը՝ Սամվել Խաչատրյանը, աշխատում է նույն «ԱրմենՏելում», որտեղ մայիսի 7-ին նշանակվել է ֆիքսված կապի ցանցը շահագործող կառույցի ղեկավարը, իսկ դիտահորերը գտնվում են հենց այդ կառույցի համակարգման ներքո»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում