Ծափեր, բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Գերմանիայում

Ծափեր, բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Գերմանիայում

Համբուրգի Էլբֆիլհարմոնիայի շքեղ դահլիճում մարտի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նույնքան շքեղ ու փառահեղ կատարողականությամբ ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ հայ կոմպոզիտորների երկու սերունդ՝ Արամ Խաչատրյան և Էդուարդ Հայրապետյան։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Համերգի առաջին բաժնում սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել են Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը, որը կոմպոզիտորը գրել է հատուկ այս համերգի համար և նվիրել է Նարեկ Հախնազարյանին։ Էլբֆիլհարմոնիայում կայացել է կոնցերտի համաշխարհային պրեմիերան։

Նվագախմբի մամուլի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նվագախմբի և մենակատարի կողմից Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի մեկնաբանությամբ՝ դահլիճը շնչում էր նուրբ ու կրքոտ, ուժգին ու հմայիչ հնչերանգներով, որոնք ամբողջովին բացահայտում էին հեղինակի մտահղացումները, ներազդում մարդկանց հոգիների վրա՝ հաղորդելով գեղեցիկ զգացողություններ։ Երեկոյին ներկա էր նաև Էդուարդ Հայրապետյանը, ում ստեղծագործությունը ջերմությամբ ու ծափահարություններով ընդունվեց ունկնդրի կողմից։ Էլբֆիլհարմոնիայի հանդիսատեսը երկար ժամանակ թույլ չէր տալիս կոմպոզիտորին, մենակատարին և դիրիժորին հեռանալ բեմից։

Համերգի առաջին մասի ավարտին թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ունկնդիրներին նվիրել է կատալոնյան երգ՝ «Թռչուններ» ստեղծագործությունը։
Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան, որն ունկնդիրների կողմից ընդունվեց ծափահարությունների, բրավո բացականչությունների տարափով։

Հանդիսատեսը չդադարող հոտնկայս ծափողջույններով ստիպել է դիրիժորին մի քանի անգամ վերադառնալ բեմ։ Որպես բիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկաներին նվիրել է խաչատրյանական ևս երկու ստեղծագործություն՝ «Դիմակահանդես» սյուիտից Վալսը և «Գայանե» բալետից հանրահայտ «Սուսերով պարը»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ Էլբֆիլհարմոնիայում իրենք ներկայացրել են հայկական ժամանակակից և դասական երաժշտություն։

«Սա մի նշաձող է. մարդիկ տեսնում են, թե ինչ հարուստ և ինքնատիպ ավանդույթներ ունի Հայաստանը։ Փաստը, որ համերգի տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ, և դահլիճի ջերմ ընդունելությունը խոսում են այն մասին, որ մարդիկ սպասում են նոր երաժշտություն, նոր արժեքներ։ Հաճելի է տեսնել նման ջերմ ընդունելություն Էլբֆիլհարմոնիայում։ Տպավորիչ է, որ մեր երաժշտությունը հուզում ու հաճելի պահեր է պարգևում դասական երաժշտության մեծ ավանդույթներ ունեցող Համբուրգի արվեստասեր հանրությանը»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

Նա նաև կոլեկտիվի անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ Նախագահին, մշակույթի նախարարությանը, որոնք աջակցել են կյանքի կոչել այս պրոյեկտը։

Համերգին ներկա էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Դեսպանը նշել է, որ ինքը հպարտ է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողացել է իր կատարումներով հիացնել գերմանացի հանդիսատեսին։ Աշոտ Սմբատյանը նկատել է, որ մեկ համերգով նվագախումբը գերմանացի հասարակությանը ներկայացրեց հայ ժողովրդին, մեր պատմությունն ու մշակույթը։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը շեշտել է, որ Էլբֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը Եվրոպայի լավագույն համերգային դահլիճներից է, և նման հեղինակավոր համերգասրահում հայկական երաժշտությունը կատարելը, Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի համաշխարհային պերմիերան ներկայացնելը մեծագույն պատիվ է։

Dorn Music գործակալության հիմնադիր Տանյա Դորնը շնորհավորել է նվագախմբին, Սերգեյ Սմբատյանին, Նարեկ Հախնազարյանին և Էդուարդ Հայրապետյանին պրեմիերայի կապակցությամբ, որն այնքան ջերմ ընդունվել է Էլբֆիլհարմոնիայի ունկնդրի կողմից։ Նա նշել է, որ տպավորված է Թավջութակի կոնցերտի և Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի հիանալի կատարումից։ Տանյա Դորնը վստահություն է հայտնել, որ գերմանացի հանդիսետեսը նման հիանալի երաժիշտների լսելու փորձ չի ունեցել։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ արտասահմանյան կանգառն ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում է՝ 2018թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում