Արմեն Մարտիրոսյանը` ՀԱԿ հանրահավաքի մասին

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Ոստիկանությունը, երբ երկու օր առաջ «Հայ ազգային կոնգրեսին» թույլատրել էր երթ անցկացնել՝ ազատելով բոլոր այն փողոցները, որոնցով երթի մասնակիցները պիտի քայլեին, դրանով մեծ նվեր չի մատուցել ՀԱԿ-ին, և այն օրենքի շրջանակներում է: Այլ հարց է, թե ինչու էին սահմանափակում «Ժառանգության» երթերը:

«Էստեղ տարօրինակությունն այն է, որ թույլ չեն տալիս այլ քաղաքական ուժի երթը։ Իմ կարծիքով պարզ է, որ Ոստիկանությունը, ցավոք սրտի, կցված է իշխանությանը և նրա պատժիչ ֆունկցիան է իրականացնում այս դեպքում իշխանություններին ոչ հաճո քաղաքական ուժերի նկատմամբ. ընդդիմադիր գործիչներին սահմանափակում է իրենց քարոզչական գործունեության մեջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ երթի արտոնված լինել-չլինելու մասին Tert.am-ին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, որ փողոցների երթևեկությունը դադարեցվել է իր որոշմամբ: Եվ մեր այն դիտարկմանը, թե «Ժառանգության» առաջնորդի գլխավորությամբ անցկացված երթերի ժամանակ Ոստիկանությունը հրահանգում էր միայն մայթերով քայլել և դուրս չգալ փողոց, փոխոստիկանապետն ասել էր, որ կախված է երթի ծավալից: «Ոստիկանությունը, կոնկրետ ես, վերակարգի պատասխանատուն եմ, ես ինքս որոշում եմ կայացել երթն անցկացնել այսպես, մնացած հարցերով, խնդրում եմ, դիմեք լրատվական ծառայությանը»,- ասել էր նա:

Այդ մասին Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ երթը արտոնված էր, թե ոչ, բայց եթե արտոնված էր, այդ դեպքում երթը ինքը չի որոշում, այն իր ճանապարհով գնում է: Բայց ցանկացած պարագայում քաղաքական միջոցառման ժամանակ, եթե ցանկանում են երթ անցկացնել, Ոստիկանությունը պետք է շատ արագ ապահովի երթի մասնակիցների անվտանգությունը, որովհետև պարոն Օսիպյանը չգիտեմ՝ տեղյակ է, թե ոչ, բայց ես գոնե տեղյակ եմ, որ մենք միջազգային հանձնառություն ենք վերցրել մեզ վրա, որ չենք խոչընդոտելու քաղաքական խաղաղ բողոքի միջոցառումները, և եթե Ոստիկանությունը երբեմն խոչընդոտում է, ուրեմն խոչընդոտում է օրինական միջոցառումը՝ այս դեպքում բողոքի երթը»:

Իսկ թե ինչո՞ւ Երևանի փոխոստիկանապետը չի պատասխանել այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ «Ժառանգությանը» թույլ չէր տրվում երթն անցկացնել փողոցով և ոչ մայթով, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ պատասխանն ակնհայտ է, նա լռում է, որովհետև հիմնավորում չունի: «Շատ ավելի լայնածավալ երթեր են եղել, որ թույլ չեն տվել փողոցով քայլել»,- ի պատասխան երթի ծավալի մասին Վալերի Օսիպյանի դիտարկմանը՝ հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում