Բարկացած Նաիրա Զոհրաբյանը վիրավորեց ԶԼՄ-ներին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ապուշություն համարեց մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Աբովյան քաղաքում մանկապարտեզներն ու այլ ուսումնական հաստատություններ աշխատել են մինչև կեսօր’ Ազատության հրապարակում ԲՀԿ-ի հանրահավաքի պատճառով:

«Երևի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շփոթում եք «Հանրապետական» կուսակցության հետ: Դե ուրեմն բրավո՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որ հրահանգ է տալիս Գիտության և կրթության նախարարին, որպեսզի մանկապարտեզները և այլ ուսումնական հաստատությունները կիսով չափ աշխատեն ու մարդիկ աշխատեն մեր հանրահավաքին գալ»,– ասաց նա:

«Ապուշությունը չափ ու սահման պետք է ունենա: Մենք հրաշալի գիտենք, որ հատուկ կամերաներով մեզ հսկելու ու նայելու են, թե որևէ մարզից մարդ բերվա՞ծ է»,- ասաց նա:

Ըստ նույն լուրերի ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդիկ է տեղափոխվում Երևան’ հանրահավաքին մարդկանց քանակ ապահովելու համար: Այս դիտարկմանը Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ ասելով, որ անհարմար է:

Զրույցի ընթացքում նա գտնվում էր Ազատության հրապարակի հարակից տարածքում և նշեց, որ մարդկանց մեծ հոսք է գալիս դեպի հրապարակ:

«Թույլ տվեք, որ ժողովուրդը գնա ընտրության, թույլ տվեք , որ գոնե մի անգամ այս երկրում ընտրովի քվեն հասնի տեղ: Բայց, եթե օրինակ՝ Արաբկիրի մեր շտաբի պատասխանատուներին մարդիկ մոտենում ու խնդրում են հանրահավաքին միասին գնալ ու բնակիչները միասին կազմակերպում ու գալիս են, սա այլ հարց է: Իսկ բռնի ուժով հանրահավաքին բերելը այլ հարց է, ինչպես դա անում է իշխող կուսակցությունը, որը մենք կտեսնենք վաղը»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում