ՄԻՊ խորհրդական. Կան քաղաքացիներ, ովքեր հաշմանդամության եւ այլ հանգամանքներից ելնելով ի վիճակի չեն մասնակցելու ընտրություններին
Նմանատիպ
Մարդու իրավունքների պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը մեկնաբանություն է տվել` կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման հետ: Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հերթական ընտրությունների մոտենալուն զուգահեռ աճում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված զանգերի ու բողոքների թիվը: Զանգահարող քաղաքացիների շարքերում կան մարդիկ, ովքեր հաշմանդամության, առողջական, տարիքային հանգամանքներից ելնելով ի վիճակի չեն մասնակցելու պետությունում կազմակերպվող ընտրություններին և, փաստորեն զրկված են իրենց ընտրական իրավունքն իրականացնելուց: Բանն այն է, որ Հայաստանում բնակվող մոտ 185 հազար հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը ունի ընտրելու իրավունք, որն ապահովված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, ինչպես նաև ՀՀ Ընտրական օրենսգրքով, համաձայն որի պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլոր մարդկանց ընտրական իրավունքի ապահովման համար:
Իրականում, օրենքի այս պահանջը դեռևս չի իրագործվում մեր երկրում: Բացի անմատչելի ընտրատեղամասերից, ՀՀ Ընտրական օրենսգիրքը չի ապահովում այն մարդկանց ընտրելու իրավունքը, ովքեր չեն գտնվում բուժհաստատությունում, սակայն հիվանդության կամ հաշմանդամության պատճառով ընտրական տեղամաս այցելելու հնարավորություն չունեն: Այլ պետությունների փորձը հուշում է, որ խնդիրը հնարավոր է կարգավորել շրջիկ արկղի կամ, օրինակ, էլեկտրոնային, լիազորագրի, սուրհանդակի միջոցով: Այս պրակտիկան’ մասնավորապես շրջիկ արկղը, ըստ Ընտրական օրենսգրքի 54 հոդվածի գործում է միայն ստացիոնար բժշկական հաստատությունում գտնվող քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար, սակայն այն չի ծածկում ընտրատեղամաս գնալու հնարավորություն չունեցող բոլոր մարդկանց:
Դեռևս գործող Ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ պաշտպանի կողմից բազմաթիվ անգամ բարձրացվել էին այս և այլ շատ խնդիրներ և համապատասխան առաջարկություններ էին արվել հնարավորինս շատ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման նպատակով: Ցավոք, այս առաջարկությունները տեղ չգտան մեր օրենսդրության մեջ, ինչն այսօր հանգեցնում է մի խումբ մարդկանց քաղաքական և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքի ոտնահարմանը:
Հուսով ենք, որ այս և նման այլ հարցեր իրենց լուծումը կգտնեն ոչ միայն օրենսդրական փոփոխությունների, այլև օրենքի արդյունավետ ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջոցով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում