Չեխովի դպրոցի տնօրենի կողմից ծեծի ենթարկված ծնողի բողոքը քաղաքապետարանում է

«Ժողովուրդը» գրել է, որ երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը հերքում է ուղարկել իրենց: Մինչդեռ տարրական էթիկան պահանջում էր, որ տիկին Սարուխանյանը հերքման տեքստը ուղարկեր միայն «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որտեղ կորոշվեր’ տպագրվում է, թե «կհանդիպենք դատարանում»: Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 23-ին տնօրենը դպրոցի մուտքից տուն էր ուղարկել աշակերտուհի Լիդիային’պատճառաբանելով, որ հագուստը դպրոցին հարիր չէ, մինչդեռ երեխան եղել էր նորմալ հագուստով: Մի փոքր ավելի ուշ երեխան դպրոց էր վերադարձել մոր հետ: Լիդիայի մայրը’ Նատալյա Սարգսյանը, բացատրություն էր պահանջել դպրոցի տնօրենից՝ ձայնագրելով նրա խոսքերը, որտեղ տնօրենն ասում էր. «Ձեռք չի տալիս, ռադդ քաշիր»: Գ. Սարուխանյանը, տեսնելով որ ձայնագրվում է, օգնության էր կանչել իր աշխատակիցներին և ծեծի ենթարկել Նատալյային:

«Ժողովուրդ»-ը կրկին կապվել է տուժող Նատալյայի հետ’պարզելու իսկապես ծեծ եղել է, թե նա մեզ թյուրիմացության մեջ է գցել: Սակայն նա ասաց, որ ինչ ասել է, հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: … Սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ Նատալյան օրեր առաջ հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ, վերջինս էլ հրահանգել է քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին՝ զբաղվել խնդրով: «Ժողովուրդ»-ը զրուցել է նաև Գ. Սողոմոնյանի հետ: Հարցին, թե դեպքից արդեն մի քանի օր անցել է, ինչո՞ւ չեք արձագանքել, Գ. Սողոմոնյանը պատասխանել է. «Ես այսօր եմ մոր հետ հանդիպել, լսել եմ նրան և, իհարկե, տնօրենին: Այն, ինչ պատմել են երկու կողմերը, ի մի կբերենք, նոր այսօր կզեկուցենք քաղաքապետարանին ու մեզ վերաբերող համապատասխան վերաբերմունք կդրսևորենք»: Գ. Սողոմոնյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ են պատրասվում անել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում