Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավարի հետ

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ապրիլի 29-ին հանդիպել է Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից` զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշել է, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար:

Դեսպանները զրուցել են Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ եւ դրականորեն արձանագրել Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու եւ այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվել են նաեւ Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաեւ’ Կանադայի հոգեւոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր:

Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին է ներկայացրել արտերկրում հայկական հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները’ գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծել է հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը եւ նմանատիպ բարբարոսությունները պատժելու եւ կանխելու հրատապությունը:

Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների եւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում