Շահումյանցիների կարոտը եւ վերադարձի սպասումը. «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» ֆիլմը ներկայացվեց հանրությանը
Նմանատիպ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամի հետ միասին հանրությանը ներկայացրեց համատեղ ջանքերով նկարահանված «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» փաստավավերագրական ֆիլմը: Լայնամետրաժ ֆիլմը հենց Արցախի Շահումյան շրջանի բնակիչների, ինքնապաշտպանական ջոկատների անդամների, ծանր ժամանակաշրջանի ականատեսների հիշողություններով ներկայացնում է 1992 թվականին Շահումյանի անկման, բնակիչների տարհանման պատմությունը, նրանց անցած ճանապարհը, հայրենի հողի հանդեպ կարոտը, ինչպես նաեւ նվիրյալ հերոսներին:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմի միջոցով փորձ է արվել վեր հանել պատմական մի ուղղություն, որը մինչ օրս այդքան էլ արծարծված չէ:
«Շահումյանն իմ մանկական հուշերից է, քանի որ հայրս շատ հաճախ էր այնտեղ լինում: Մանկուց ուշադիր հետեւել եմ, եւ երբ անկումը տեղի ունեցավ, շատ ծանր եմ տարել: Երբ Զինավոր Մեղրյանը ջոկատի 25-ամյակի կապակցությամբ առաջարկեց անել նման աշխատանք, շատ ոգեւորվեցի: Նյութերը բավականին շատ են, եւ ցավոք, հնարավոր չեղավ ամբողջն օգտագործել, իսկ արդեն աշխատանքի ընթացքում հասկացանք, որ այն ավելի լայն գործ պետք է դառնա»,-ասաց նա եւ հավելեց, որ նկարահանումները կազմակերպվել են դեռեւս անցած ամռանը, իսկ բուն ֆիլմի ստեղծման աշխատանքները տեւել են երկու-երեք ամիս:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ֆիլմը խոսուն վկայություն է Շահումյանի դեպքերի մասին, որը միանշանակ հետապնդում է հանրության առավել լայն զանգվածի, այդ թվում՝ նաեւ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցին սեւեռելու նպատակ:
«Այժմ ռուսերեն թարգմանության ուղղությամբ են աշխատանքներ տարվում, իսկ հետագայում՝ նաեւ անգլերեն, հետագայում ավելի լայն հետազոտություններ էլ կլինեն: Կհասնենք դրան, որ հարցը հնարավորնիս տարածվի, եւ այս հարցում հույսներս պետք է դնենք հետազոտողների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների կողմից իրենց աշխատանքին լուրջ մոտենալու ցանկության վրա: Միասին պետք է փորձենք խնդիրը լուծել: Այս տեսանկյունից սա հերթական կարեւոր ազդակն է»,-նշեց կենտրոնի ղեկավարը:
Արցախի հերոս, «Եղնիկներ» կամավորական ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանի որդին Զինավոր Մեղրյանն էլ հավելեց, որ ֆիլմը ճշմարիտ եւ պարզ կերպով ներկայացնում է այն բոլոր իրադարձությունները, որոնց մասին մարդկանց մոտ միգուցե փոքր-ինչ աղոտ տեղեկություն կա:
«Ֆիլմի առաքելությունը սա այն սերնդին հասցնելն է, որը ծնվել է Հայաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում, եւ չի տեսել իր հայրենի երկրամասը: Երիտասարդների հետաքրքրասիրությունը հարատեւ պայքարի է վերածվելու, եւ Շահումյանն անպայման վերադառնալու է տուն»,-ընդգծեց Զինավոր Մեղրյանը:
Շահումյանցիները կարոտում են հայրենի հողը եւ սպասում, որ մի օր իսկապես կվերադառնան այնտեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում