Տ. Ուրիխանյան. Ինչո՞ւ են տեղամասային հանձնաժողովներում «Բարև Երևան» դաշինքի անդամների տեղերը լրացնում ՀՀԿ-ականները

«Երեւանի ավագանու ընտրություններն առաջին հերթին պայքար են կուսակցությունների միջեւ:Քվեաթերթիկում լինելու են միայն կուսակցությունների անունները: Սա քաղաքական ընտրություն է, որովհետեւ քաղաքական կազմակերպություններ են մասնակցում այս ընտրություններին, առաջադրում են իրենց ընթացիկ եւ նախընտրական ծրագրերը», – այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: 

Նրա խոսքով’ երբ հնչում են նախընտրական խոստումներ, անմիջապես պետք է հարց ուղղել, թե ինչպես եք դա իրականացնելու: Իսկ մարդիկ ընտրելու են նրան, ով գիտի, թե ինչպես իրականացնել խոստումները, եւ դա ԲՀԿ-ն է:

Քարոզարշավի վերջին օրն աշխատանք է տարվելու դիտորդական առաքելությունների հետ՝ վերահսկողությունն ավելի խստացնելու համար: Ուրիխանյանը նշեց, որ իրենք ձեռնամուխ են լինելու խախտումներ իրականացնողների քրեական պատասխանատվության կանչելուն: «Եթե որեւէ մեկը փորձի արգելել լրագրողի կամ տեղամասում գտնվելու իրավունք ունեցողի կողմից նկարահանում իրականացնելը, անմիջապես ենթարկվելու է պատասխանատվության»,- ասաց Ուրիխանյանը:

Ուրիխանյանն անդրադարձավ նախօրեին Ազատության հրապարակում ԲՀԿ կազմակերպած հանրահավաքին ու դրա վերաբերյալ սկսված քննարկումներին.

«Կասեմ, որ երբ հավաքվում է մի քանի տասնյակ հազար մարդ, հեշտ է այնտեղ գտնել երեխաների ու այլ բնակավայրերից եկած մարդկանց: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով են նրանք եկել’ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն տեղաշարժվել այն տրանսպորտով, որով ցանկանում են: Մարդիկ պարտավոր չէին ոտքով գալ հանրահավաքի»,- ասաց Տիգրան Ուրիխանյանն ու ԲՀԿ-ին քննադատողներից անդրադարձավ հատկապես «Բարև Երևան» դաշինքնին:

«Կուսակցություններ կան, որ որակով ընտրություններ ունենալու համար կուրծք են ծեծում: Ցանկանում եմ հարց տալ նրանց և, բնականաբար, «Բարև Երևան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, ինչո՞ւ են տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում Հանրապետական կուսակցության անդամները: Եվ եթե ինչ-որ մեկը պատրաստ է հերքել ասածս’ ես նրան բանավեճի եմ հրավիրում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում