Էդվարդ Նալբանդյան. ՀՀ-ն ունի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահության երեք գերակայություն

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը Հայաստանը կազմելու է երեք կարևոր գերակայությունների վրա’ մարդու իրավուքներ, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Դրանց հիմքի վրա էլ ձևավորվելու է նախագահության ծրագիրը: Այս մասին Ազգային ժողովում մայիսի 3-ին հրավիրված «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանի նախագահության գերակայությունները ձևավորել ենք’ համատեղելով Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համար կարևոր առաջնահերթությունները: Շեշտել ենք երեք կարևոր հենասյուները’ մարդու իրավուքներ, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն»,- ասաց Նալբանդյանը: Դրանց հենքի վրա Ստրասբուրգում մի շարք միջոցառումներ կանցկացվեն:

Հայաստանը Եվրոպայի խորհրդի կազմում բավականին երկար ճանապարհ է անցել: «Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել’ իրականցնելով խորքային բարեփոխումներ: Կցանկանայի հատուկ կարևորել Հայաստան- Եվոպայի խորհուրդ 2012-2014 թթ.-ի գործունեության ծրագիրը, որը արտացոլում է բարեփոխումների մեր գերակայությունները»,-նշեց նախարարը: Նալբանդյանը նաև շեշտեց, որ Հայաստանը պատշաճ ուշադրություն կդարձնի մշակույթի, երիտասարդության կրթության և մի շարք այլ հարցերի: Բացի դրանից, Ստրասբուրգում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանն անդամակցում է արդեն տասներկու տարի: ՀՀ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ զեկույցներով հանդես կգան նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում