Տ. Մարգարյան. «Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ»

Քարոզարշավի վերջին օրը Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով, որում ամսնավորապես ասվում է.

«Արագ անցան Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 27 հագեցած օրերը:

Տասնյակ հազարավոր երևանցիներ մասնակիցը դարձան մեր հանդիպումների:
Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, ներկայացնելու մեր նոր ծրագրերն ու ավելի լավ Երևան ունենելու մեր պատկերացումները, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:
Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:

Կրկին շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիների:
Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:

Վստահեցնում եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քննադատությամբ օգնեցին մեզ՝ ավելի լավ ընկալելու և էլ ավելի մոտ լինելու Երևանի յուրաքանչյուր բնակչին:

Շնորհակալ եմ նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգակար լինելու իրենց ցանկության համար:

Մայիսի 5-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ:

Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երևան:

Ընտրելով մեզ’ դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լավ արդյունքներ, ապրել ավելի լավ Երևանում՝ արժանապատիվ պայմաններով ու ավելի հարմարավետ կյանքով:
Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում