«Արմավիա»-յի բորտուղեկցորդները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին

«Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդները բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք արդեն մեկ անգամ դիմել ենք Ձեզ նամակով’ հայցելով Ձեր անդրադարձը և աջակցությունը մեր խնդրի լուծմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ 2012թ. հոկտեմբերից մինչ այսօր մենք չենք ստացել մեզ հասանելիք աշխատավարձը: Սակայն Ձեր պատասխան նամակը չեր պարունակում խնդրի լուծման տարբերակ և հասցեագրվեց «Արմավիա» ավիաընկերության նախագահին (սեփականտիրոջը), որն իր հերթին այդ նամակի բովանդակությունը դարձրեց ծաղրի և հեգնանքի առարկա, հարցնելով բոլոր այդ նամակը ստորագրողներին’ արդյոք օգնեց ձեզ ձեր նախագահը:

Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ավիաընկերության կողմից մեզանից գանձած սոցվճարները չեն փոխանցվել համապատասխան մարմիններին, ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի հետագա թոշակի հաշվարկման համար:

Մեկ անգամ ևս խնդրում ենք անդրադառնալ մեր աշխատավարձի հարցին, քանի որ դա մեր քրտինքի, առողջության և կյանքի գնով աշխատած գումարն է, և պարզաբանել չվճարված սոց. վճարների հարցը’ հանձնարարականներ տալով համապատասխան մարմիններին(ՀՀ Աշխատանքի պետ. տեսչությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը): Խորհին շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում