Վազգեն Մանուկյան. Պատերազմի հաղթանակը երբեք Տեր-Պետրոսյանին չի վերագրվել

«Ժամանակը» զրուցել է ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, պատերազմում հաղթանակից հետո, Դուք՝ որպես ընդդիմադիր թեկնածու, բավականին շատ ձայներ ստացաք: Մարդիկ այդքան դժգո՞հ էին պատերազմ հաղթած իշխանություններից:
-Մենք կարող ենք ֆիքսել, որ այն ժամանակ իշխանություններից դժգոհ էին: Իշխանություններին եթե հարցնեն, թե ինչու էին դժգոհում, կասեն, թե օբյեկտիվ պատճառներով ծանր վիճակ էր Հայաստանում ստեղծվել, պատերազմ էր և այլն: Եվ ժողովրդի մոտ դժգոհություն է առաջացել: Ընդդիմություն էլ կասի, թե վատ են կառավարել: Ամեն մեկը մի բան կասի: Փաստն այն է, որ ժողովուրդը ձայնը տալիս էր իշխանություններին դեմ:

– Լևոն Տեր -Պետրոսյանը պատերազմ հաղթած նախագահ էր և…
– Պատերազմի հաղթանակը երբեք Լ. Տեր- Պետրոսյանին չի վերագրվել: Նա նախագահ է եղել, շատ անգամ չի էլ խառնվել այդ բաներին: Շատ հայտնի էր, թե ովքեր էին պատերազմում, ովքեր են հաղթողները: Եվ որ ինձ այն ժամանակ ձայն են տվել, դա մասամբ բացատրվում է նաև նրանով, որ իմ մեջ են տեսել հաղթածի մարմնավորումը, իմ մեջ են տեսել նրանցից մեկը:

-Դու՞ք էլ եք այն մարդկանց հետ համաձայն, ովքեր ասում են, թե Լ. Տեր -Պետրոսյանը Շուշիի գրավումից տեղյակ չի եղել:
– Մենք արդեն ուրիշ բաղեր ընկանք: Համենայնդեպս, երբ ասում են, որ Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ հաղթանակներ են եղել, այդ միտքը առաջին անգամ հնչեց, այն ժամանակ, երբ 2008-ին առաջադրվեց: Իսկ մինչ այդ երբեք հասարակության մեջ նման բան չի ասվել, հասարակության վերաբերմունքն այդպիսին չի եղել, այդ մտքին չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում