Այսօր լռության օր է

Այսօր’ ավարտվեց «լռության օր» է: Դա նշանակում է, որ թեկնածուների ամեն տեսակ քարոզչությունն արգելվում է: Մայիսի 5-ին ժամը 08:00-ին կբացվեն արդեն ձևավորված տեղամասային կենտրոնները, իսկ քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին:

Երևանի ավագանու ընտրություններին, որի արդյունքում հայտնի կդառնա քաղաքապետի անունը, մասնակցում են 7 քաղաքական ուժեր՝ 6 կուսակցություններ և մեկ դաշինք:

Դրանք են՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային կոնգրես, Հ. Յ. Դաշնակցություն, Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը, որի հիմնական կորիզը կազմավորվել է «Ժառանգություն» կուսակցության վրա:

«Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 29 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչյա Սարգսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում կա 194 թեկնածուի անուն: Ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների թիվը 42-ն է: Ցուցակը գլխավորում է  Երևանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Վահագն Խաչատրյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընտրական ցուցակում կա 65 թեկնածու: Ցուցակը գլխավորում է  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հանրապետական կուսակցության ցուցակում թեկնածուների թիվը 195-ն է: Ցուցակը գլխավորում է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Օրինաց երկիր» ընտրական ցուցակում կա 105 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը:

«Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակում կա 64 թեկնածուի անուն: Ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում