Մայրաքաղաքային խնդիրներից առաջին հարթության վրա տրանսպորտի հարցն է

Անդրադառնալով մայրաքաղաքային խնդիրներին՝ «Հայոց աշխարհն» առանձնացրել է նախ տրանսպորտայինը։
«Անկախ այն հանգամանքից, թե ավագանու կազմում որ ուժը մեծամասնություն կունենա, իսկ որը կլինի ընդդիմություն, նրանք միասին պետք է զբաղվեն այդ խնդիրների լուծմամբ, յուրաքանչյուրը իր չափով ու հնարավորությամբ։

Առաջին հարթության վրա հանրային տրանսպորտ ասվածն է։ Վաղուց ժամանակն է, որ բարոյապես ու ֆիզիկապես արդեն իրենց սպառած «մարշրուտկաները»՝ միկրոավտոբուսները, որպես հանրային փոխադրամիջոց, անցնեն պատմության գիրկը։ Մայրաքաղաքը պետք է ունենա ավտոբուսային ավելի շատ ու կանոնավոր գործող երթուղիներ։

Ավելի մեծ հեռանկարում անհրաժեշտ է դիտարկել ժամանակակից, էլեկտրաէներգիայով գործող փոխադրամիջոցների ներդրման ու նման ցանցի ընդլայնման խնդիրները։ Դա կարող են լինել ինչպես արդիականացված տրոլեյբուսները, այնպես էլ ժամանակակից տրամվայները։ Սա էական է նաեւ էկոլոգիական տեսանկյունից։ Եվ նման փոխադրամիջոցների ներդրման հիմնաքարը պետք է դնել արդեն մեր օրերում։

Տրանսպորտային երկրորդ հարթությունը մայրաքաղաքի փողոցների թողունակության պրոբլեմն է, շարունակական խցանումները, կայանման վայրերի սղությունն ու դրա պատճառով փողոցների արհեստական «նեղացումը»։ Չնայած անցած տասնամյակում կառուցված ու նաեւ առաջիկա տարիներին կառուցվելիք նոր ճանապարհներին, շրջանցող ուղիներին, միեւնույն է, մայրաքաղաքի կենտրոնում, նաեւ տարբեր թաղամասեր կենտրոնին միացնող մայրուղային պողոտաներում խցանումները որոշակի ժամերի անխուսափելի են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում