Գալուստ Սահակյան. Հասարակությունը դեռևս չի նպաստում մամուլին

«Ես երևի միակն եմ, ով երբեք չի փոխադարձում այն ինչ խոսում ու քննադատում են մամուլում, եթե իհարկե դա անձնական վիրավորանք չի լինում։ Երբեմն էլ այնքան եմ շփվում, որ հաճախ ամբողջ տեքստը նույնն են թողնում, հետո վերնագիրը խճողված մի բան են դնում, իբրև թե չարախոսում են իմ դեմ, դա էլ պետք է լինի, մենք ձեր «պրոդուկտն ենք» էդ տեսակետից»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` շնորհավորելով Մամուլի ազատության օրը, ասաց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Վերջինիս խոսքով` մամուլը պետք է ճշմարիտ խոսք լինի։

«Ճշմարտացին միայն նա է , որ հինգշաբթի օրերից մի օր առաջ գրում են, որ Կառավարության նիստ է լինելու, քառօրյաներից առաջ գրում են, որ ԱԺ-ն քառօրյա է ունենալու»,- ասաց նա։

Գալուստ Սահակյանի կարծիքով՝ հասարակությունը դեռևս չի նպաստում մամուլին։ Ըստ նրա՝ մարդիկ պետք է մամուլից օգտվելիս վճարեն, որպեսզի մամուլի աշխատողները կարողանան նաև իրենց սոցիալական խնդիրները լուծել, որպեսզի ավելի անկախ լինեն։

«Ես ուրախանում եմ, որ դաշտը կա և նաև ուրախանում եմ նրանից, որ մամուլից չի կարելի նեղանալ, խռովել, կարելի է ընդամենը պատասխանել»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում