«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը ներկայացնում է իր արձանագրած խախտումները

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 134 դիտորդները հաղորդում են իրենց գրանցված միջադեպերի և խախտումների մասին: Կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված վերջին միջադեպերը հետեւյալն են.

13/06 և 07/14 տեղամասերում կողմնակի անձինք են առկա և ընտրողների կուտակումներ կան:
06/15 տեղամասում (№ 156 դպրոց, Շիրազի փ.), քվեախցիկի թիկունքում հայելի է եղել փակցված:

13/21 տեղամասում (Հիդրոմելեորատիվ քոլեջ, Բուռնազյան փ.), տարեց կնոջը օգնող երիտասարդը սկզբից ներկայացել է որպես այդ կնոջ որդի, հրաժարվել է գրանցվել մատյանում, իսկ հետո՝ հայտարարել է, որ չունի անձնագիր ու անմիջապես հեռացել է տեղամասից: Արձանագրություն է կազմվել ընտրատեղամասից հապճեպ հեռացած ուղեկցող անձի վերաբերյալ:

13/11 տեղամասում (№ 16 դպրոց, Բուռնազյան փ.), ընտրողներ են տանում-բերում, քաղաքացիների կուտակումներ են նկատվում:

07/14 տեղամասում (№ 80 մանկապարտեզ, Հաղթանակ), խախտվում է քվեարկության գաղտնիությունը, կողմնակի մարդիկ կան տեղամասում և’ ընտրողների կուտակումներ:

07/19 տեղամասում (№ 89 նախակրթարան, Ա-2 թաղ.), խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը. ՀՀԿ-ի վստահված անձը զանգահարում է ինչ-որ տեղ և հայտնում է ընտարացուցակի այն համարները, որոնց դիմաց գրանցված ընտրողները չեն ներկայացել տեղամաս քվարկության: Հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցամատյանում արձանագրել փաստը:

08/28 տեղամասում (№ 91 դպրոց, Ախպարաշեն) Թրանսփարեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանից գողացված տեսախցիկը 17:50-ին՝ ահազանգից հետո, հայտնաբերվել է տեղամասի սանդուղքին:

08/27 տեղամասում (№ 91 դպրոց, Ախպարաշեն թաղ), կողմնակի անձինք ահաբելել են ԶԼՄ ներկայացուցչին’ դժգոհելով նկարահանումներից:

08/09 տեղամասում (№ 179 դպրոց, Ա-3 թաղ.), Մեսրոպ Մանուկյանը’ ՀՀԿ ցուցակի ավագանու թեկնածուն (համար 85), երկար ժամանակ ՀՀԿ վստահված անձի վկայականով գտնվել է ընտրատեղամասում: Դիտորդների նկատողությունից հետո, դեպքը գրանցվել է գրանցամատյանում և Մեսրոպյանը հեռացվել է ընտրատեղամասից:

13/15 տեղամասում (№ 194 դպրոց, Նոր Արեշ), Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ձայների ամփոփման ժամանակ պետք է տեղամասում գտնվող բոլոր անձանց բջջային հեռախոսներն անջատված լինեն’ հղում կատարելով ԿԸՀ-ից կատարված բանավոր կարգադրությանը: 13/11 տեղամասում (№ 16 դպրոց, Բուռնազյան փ.), ներկա են կողմնակի անձինք (կարգավիճակ չունեցող) և առկա է ընտրողների կուտակումներ՝ 20 և ավելի ընտրող, ինչը խոչնդոտում է դիտորդների, վստահված անձանց և լիագրողների լիազորությունների պատշաճ իրականացմանը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է փաստն արձանագրել գրանցամատյանում:

13/05 տեղամասում (№ 70 դպրոց, Սարի Թաղ), ավագանու ԲՀԿ թեկնածուն բազմաթիվ անգամ մուտք է գործել ընտրատեղամաս’ առանց համապատասխան գրանցման:

12/27 տեղամաս (№ 64 մանկապարտեզ, Ավանեսով փ.), եկած ընտրողը չի կարողացել քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց լրացված է եղել, նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը’ պատճառաբանելով, որ մատյանում տեղ չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում