Տիգրան Մուկուչյան. Հանրապետական կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ըստ նախնական արդյունքների’ երեք քաղաքական ուժ կարողացավ հատել ավագանու ընտրություններում սահմանված շեմը: Այս պահին որևէ հաշվարկ չի իրականացվել, թե ով քանի տեղ կունանա ավագանիում, քանի որ կան օրենքով սահմանված գործառույթներ, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարելի է փաստել, որ Հանրապետական կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն»,- ասաց Մուկուչյանը:

Հարցին, թե արդյոք ընդդիմադիր ուժերի’ արդեն սկիզբ արած դժգոհությունները ինչ-որ կերպ կազդեն ընտրությունների արդյունքների վրա’ Մուկուչյանն ասաց, որ այս պահին առկա փաստական հանգամանքների հիման վրա կարող է ասել, որ այդ դժգոհություններն այդ ուժերի սուբյեկտիվ տեսակետն է:

Խոսելով ԿԸՀ ներկայացված դիմումներից’ ԿԸՀ նախագահն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվել է պատշաճ կերպով ստորագրված մեկ դիմում’ Զարուհի Փոստանջյանի կողմից: Որևէ այլ դիմում պատշաճ կերպով ներկայացված չի եղել: «Զարուհի Փոստանջյանի բողոքում ներկայացված են մի քանի ընտրատեղամասում նկատված ինչ-որ թերություններ’ մոտ չորս-հինգ տեղամաս և, բնականաբար, այդ հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրման կենթարկվեն»,- ավելացրեց նա:

Մուկուչյանն ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների մասով արձանագրում է, որ եղել են դեպքեր, երբ տեղեկությունները հերքվել են, սակայն եղել են նաեւ դեպքեր, երբ կային ինչ-որ փաստական հանգամանքներ: «Բոոր հանգամանքները մանրամասն քննարկման առարկա են դառնալու: Բայց այսպես նախնական գնահատմամբ կարող ենք ասել, որ ներկայացված տեղեկությունները բոլորն էլ վերաբերել են առանձին դեպքերի, միջադեպերի, իսկ ընտրական գործընթացն այնպիսին է, երբ մի քանի ժամվա ընթացքում իրավահարաբերության մեջ են մտնում մի քանի հարյուր հազար մարդ, իդեալական վիճակ ենթադրելն ուղղակի անհնար է»,- հայտնեց Մուկուչյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում