ՀԱԿ-ն անդառնալիորեն կորցնում է դերը քաղաքական ասպարեզում

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները պետք է լրջորեն մտածեն իրենց ապագայի մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Այս երկու կուսակցությունները կամ բավական վատ են աշխատել, կամ էլ նրանց համար ավագանու ընտրություններն ընդամենը իրենց ցուցադրելու միջոց է եղել,-  ասաց նա:

Ադիբեկյանի խոսքով’ արմատական ընդդիմությունը բավական համեստ ձայներ հավաքեց: «Ժառանգությունն իր 37 տոկոսից 8 տոկոսը միայն պահպանեց, որը վերջին տարիներին չփոխվող Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշն էր»,- ասաց նա:

Սոցիոլոգը նշեց, որ ՀԱԿ-ը անդառնալիորեն կորցնում է իր դերը քաղաքական ասպարեզում:

«ՀԱԿ-ը որոշակի դեր միայն Ազգային ժողովում կարող է ունենալ: Թե ինչպես նրանք կվերադառնան ակտիվ քաղաքական ասպարեզ, ես չեմ պատկերացնում»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ադիբեկյանն ասաց, որ այն պահպանեց իր իշխանական դիրքերը: «Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի վարկանիշները բավական բարձր էին և համեմատաբար մոտ իրար: Տարոն Մարգարյանը միանշանական քաղաքապետ է»,- ասաց նա:

Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը’ ստանալով ձայների 55,86 տոկոսը: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը’ 97 հազար 189 ձայնով’ 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը’ 35 հազար 732 քվեով’ 8,47 տոկոս: «Հայ ազգային կոնգրես»-ը հավաքել է 18 հազար 499 ձայն’ 4,39 տոկոս, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը’ 15 հազար 999 ձայն’ 3,79 տոկոս, «Օրինաց երկիր»-ը’ 15 հազար 733 ձայն’ 3,73 տոկոս, «Առաքելություն»-ը’ 2692 հազար ձայն’ 0, 64 տոկոս:

Ընտրությունների վերաբերյալ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում