Ընդիմության մենակատարը ԲՀԿ-ն էր, մնացածը զուտ ձայնակցողներ էին.Է. Երիցյան

«Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյան ասաց, թե այս ընտրություններում կար քաղաքական մրցակցություն և բուն ընտրությունների կազմակերպման համար բոլորը կրում էին կոլեկտիվ պատասխանատվություն, ինչը խախտումների ռիսկերը նվազեցնում էր:Այդ մասին հայտնում է aravot.am-ը: 

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին’ Է. Երիցյանն ասաց. «Դրանք կանխատեսելի էին: Ընդդիմության հատվածում սխալ ռազմավարություն էին ընտրել թե՛ քարոզչության, թե՛ ռազմավարության առումով: Ընդդիմությունը չափից ավելի մեծ քաղաքական բովանդակություն էր ներկայացրել և բարձր նոտա վերցրել: Արդյունքում՝ ընտրողները չհավատացին առաջադրված խնդիրներին:Երևանի միջոցով ընդհանուր Հայաստանը փոխելու գաղափարը վստահություն չներշնչեց, ինչը վնասեց ընդդիմադիր ուժերին:

Մյուս կողմից էլ արդյունքները կանխատեսելի էին, քանի որ քարոզարշավի ամբողջ ընթացքում բոլորը ՀԱԿ-ի տված ազդակից սկսած քարոզչական առումով սկսեցին սպասարկել ԲՀԿ-ին ու սկսեցին կորցնել իրենց դեմքը’ ընտրազանգվածը կողմնորոշելով դեպի ԲՀԿ-ն:

Օրինակ’ ՀՅԴ-ն, որ հստակ սահմանել էր, թե իր նպատակն է լրացուցիչ ընտրողներին մոտիվացնել, որ քաղաքական մոտիվացիայով գային ընտրության, չափից ավելի մեծ նպատակ էր դրել իր առաջ, ուստի շատերը չհավատացին դրան և այդ տեսակ ընտրողը ընտրության չգնաց: Նույն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Բարև Երևանը» ներկայացան նույն ձևով’ հակաքարոզչություն տանելով կոնկրետ անձի շուրջ ու կորցնելով սեփական դեմքը: Ընդդիմությունը բազմադերակատար էր, ինչպես երգչախումբը, որտեղ սոլոն’ մենակատարը ԲՀԿ-ն էր, մնացածը զուտ ձայնակցողներ էին, դրա համար կորցրին իրենց ձայները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում