«Ժառանգություն»-ը չկարողացավ յուրացնել նախագահական ընտրություններին ստացած ձայները. Ալ. Իսկանդարյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ասաց, որ Հայաստանի ընդիմադիր քաղաքական ուժերի ձախողումը Երեւանի ավագանու ընտրություններին միայն այս ընտրության արդյունքը չէ: 

Քաղաքագետը ավելացրեց նաև, որ երեկվա ընտրությունները արդյունք են մոտ 1,5 տարի առաջ սկսված ընտրական ցիկլի, որն անցավ խորհրդարանական եւ նախագահական ընտությունների միջով, և որ հնարավոր չէր ակնկալել, որ ընդամենը մեկ տարի առաջ 7 տոկոս հավաքողը հիմա կհավաքի 50:

Քաղաքագետն օրինաչափ համարեց Հայ ազգային կոնգրեսի 6 տոկոս ձայնի շեմը չհաղթահարելը: Նշվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աշխատում է նույն մեթոդով, ինչպես Հայաստանի հանրապետական կուսակցությունը, սակայն նրան չհաջողվեց նույնքան քվե ստանալ:

Քաղաքագետը մի քանի կուսակցությունների ցածր տոկոսները նախագահական ընտրություններին չմասնակցելու հետեւանք համարեց:

Նրա դիտարկմամբ՝ «Ժառանգություն»-ը չկարողացավ յուրացնել նախագահական ընտրություններին ստացած ձայները: Քաղաքագետի խոսքով՝ մեկանգամյա ընտրող գրավելու «լատինոամերիկյան» մեթոդները Հայաստանում չեն աշխատում:

«Պետք է ստեղծել քաղաքական միջավայր, որտեղ կուսակցություններն աշխատում են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաեւ դրանց միջակայքում»,- ասաց քաղաքագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում