Կոռուպցիան պետք է արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանության և ԱԱԾ պետերի նշանակումները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանից և Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանից ակնկալում է լրջագույն արդյունքներ:
«Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում: Հեղափոխությունից առաջ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում, և ես մտածեցի, որ այս որոշումը պետք է խորհրդանշանական նշանակություն ունենա: Պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք: Սա խորհրդանշական է, և պետք է փշալարերի մշակույթը փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել: Հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, մասնավորապես, իրավակարգի, օրինականության, քաղաքացու ինքնազգացողության առումով: Վալերի Օսիպյանի առջև շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը»,- ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ԱԱԾ գործառույթների մեջ շեշտել է երկու խնդիր: «Ըստ էության, այն գործառույթները, որոնք կապված են հակահետախուզության, հետախուզության հետ՝ ԱԱԾ-ն պետք է լիարժեք կատարի, որովհետև սա անվտանգության արտաքին կոմպոնենտն է: Գիտեք, որ ԱԱԾ-ն զբաղվում է հիմնականում մաքսային գործառույթներով, մաքսանենգության հետ կապված հանցագործություններով, և ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի ընդհանրապես բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահումը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում:
«Իհարկե, սա վերաբերում է նաև ոստիկանությանը, և մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից ու դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ: ՀՀ քաղաքացիներն ամեն օր դա պետք է զգան: Այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու ոստիկանության պետի և ԱԱԾ-ի աշխատանքի գնահատականը: Մեզ պետք են լինելու արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ, և մենք այս պահից սկսած և հետագայում պաշտոնյային գնահատելիս պետք է ելնենք այն արդյունքներից, որոնք նրանք ցույց կտան: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները և գոհ լինեն ԱԱԾ և ոստիկանության աշխատանքից՝ մաքսային ոլորտում, ճանապարհային ոստիկանությունում, ոստիկանության որակի հետ կապված և այլն»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ կադրային այս նշանակումների իմաստը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել անվտանգ, իրավունքներն առավել պաշտպանված դարձնելն է: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ գործառույթը լիարժեք կիրականացվի ԱԱԾ նոր տնօրենի և ոստիկանության նոր պետի կողմից:
«Ակնկալում եմ, որ հանրությունը, որպես բարձրագույն իշխանություն, ինչպես իմ, ինչպես այլ պաշտոնյաների, այնպես էլ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի աշխատանքը կպահի վերահսկողության ներքո, և մենք կունենանք մի իրավիճակ, որից գոհ կլինենք բոլորս»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում