«Հրապարակ». ՀՅԴ-ում կարգապահական տույժերի գործընթացը շարունակվում է

«Հրապարակ». ՀՅԴ-ում կարգապահական տույժերի գործընթացը շարունակվում է

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՅԴ խմբակցության պատգամավոր՝ Տավուշի մարզից ընտրված Սուրեն Մանուկյանին նույնպես կուսակցությունը կարգապահական տույժի է ենթարկել, կախակայել են նրա անդամությունը ՀՅԴ-ում՝ այն բանի համար, որ պատգամավորն ավելի վաղ էր հայտարարել համաժողովրդական շարժմանը միանալու մասին, քան կուսակցությունը որոշում կկայացներ «քցել» կոալիցիոն գործընկերներին և միանալ Նիկոլ Փաշինյանին։

Հարց է ծագում՝ ինչո՞վ է պայմանավորված Մանուկյանի նկատմամբ այդպիսի մեղմ վերաբերմունքը, որը, ի դեպ, կայացվեց այն բանից հետո, երբ մամուլում բարձրաձայնվեց այդ խտրականության մասին Մանուկյանի և Աղվան Վարդանյանի հարցում։

Հիշեցնենք, որ վերջինս պարզապես չքվեարկեց Փաշինյանին ո՛չ կողմ, ո՛չ դեմ, և կուսակցության որոշմամբ զրկվեց թե՛ պատգամավորական մանդատից, թե՛ կուսակցության անդամությունից։

ՀՅԴ մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ չէ՞ որ Մանուկյանը «թռել» է կուսակցության գլխից, և այն փուլում, երբ ՀՅԴ-ն դեռ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն էր, հայտարարել է մյուս ճամբարն անցնելու մասին։ «Այո, բայց նրա որոշումը բարոյապես ավելի մոտ էր մեր դիրքորոշմանը», ուստի բավարարվել են 1 տարվա կախակայմամբ, այլ ոչ թե հեռացնելով։ Նշենք, որ կախակայման դեպքում պատգամավորն ընդամենը 1 տարով զրկվում է կուսակցական ժողովներին մասնակցելու իրավունքից։ Այսինքն՝ ՀՅԴ-ն ձևական սանկցիա է կիրառում կուսակցի նկատմամբ, որ այլևս հրապարակային հարթակում չքննարկեն նրա և Աղվան Վարդանյանի նկատմամբ խտրական վերաբերմունքը և չեզրակացնեն, որ սա պարզապես Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի անձնական հաշվեհարդարն էր Աղվան Վարդանյանի նկատմամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում