ՀՖՖ-ն նոր խաղադաշտ կբացի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանի ֆուտբոլիստների թիմը, որը մայիսի 3-ին մասնակցել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Շուշիի նորակառույց մարզադաշտի հանդիսավոր բացմանը և հանդիպում էր ունեցել տեղի դպրոցականների հետ, նրանց նախանձելու առիթ երկար չունեցավ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, վերադառնալով Շուշիից, այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր’ ծանոթանալու համալիրի ենթակառուցվածքներին և գտնելու Շուշիում սերբաստացիներին տված խոստման’ նոր խաղադաշտի կառուցման հնարավոր լուծումները: ՀՖՖ նախագահը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջել է համալիրում, համալիրի հարակից տարածքներում, ուսումնասիրել խաղադաշտի կառուցման համար պիտանի ենթակառուցվածքները: 

ՀՖՖ նախագահի հանձնարարությամբ առաջիկայում կսկսվեն կրթահամալիրի արհեստական խոտածածկով եվրոպական չափանիշներին համապատասխան խաղադաշտի կառուցման աշխատանքները, որը սեբաստացիներին կհանձնվի սեպտեմբերի 1-ին’ նոր ուսումնական տարվա սկզբին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կրթահամալիրում նշել է, որ ՀՖՖ-ի քաղաքականության առաջնահերթությունների մեջ է մանկապատանեկան ֆուտբոլի և դրան նպաստող ենթակառուցվածքների զարգացումը, որ անցած մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանում, Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղում արհեստական խոտածածկով ավելի քան 100 խաղադաշտ է կառուցել:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում