ՄԻՊ-ը կհամագործակցի հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Գյումրիում գործող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու և առավել արդյունավետ լուծելու նպատակով այդ կազմակերպությունները ստեղծել են հատուկ խորհուրդ, որի հետ նաև այսուհետհամագործակցելու է Պաշտպանի աշխատակազմը:

Քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող մարդկանց պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալուն, անվճար դեղորայքի, սայլակների և քայլակների տրամադրմանը, շենքերի և շինությունների անմատչելիությանը’ այդ թվում թեքահարթակների բացակայության, կամ առկա թեքահարթակների անհարմարությանը և հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը արհեստականորեն դժվարեցնող մի շարք այլ հարցերին:

Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց կարծիքները հայտնեցին նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ համարելով, որ այն չի ապահովում արդյունավետ մեխանիզմներ՝ պաշտպանելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և կանխելու համար խտրականությունն իրենց նկատմամբ:

Հետագայում կկազմակերպվեն մի շարք այլ հանդիպումներ և ավելի մանրամասն կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող առանձին խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում