«Ա1+»-ի ղեկավարը կվերցնի՞ ավագանու մանդատը

ՀՀԿ ցուցակով Երեւանի ավագանի ընտրված, շախմատի օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը մտադիր է վերցնել ավագանու իր մանդատը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ինքը՝ Լպուտյանը: «Քանի որ դա հասարակական աշխատանք է եւ իմ գործունեության հետ իրավունք ունեմ համատեղելու, կարծում եմ՝ կվերցնեմ մանդատը»,- ասել է նա: Ձեր վերջնական որոշումը ինչ որ հանգամանքի՞ց է կախված։ Մեր թղթակցի այդ հարցին նա պատասխանել է. «Ես լրիվ ազատ մարդ եմ: Իմ որոշումն է»,- ապա հավելել, որ մանդատը հաստատ վերցնելու է:

«Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր, «Մելտեքս» ԱՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, ով «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակի 2-րդ համարն է, մանդատը վերցնելու հստակ որոշում դեռ չի կայացրել: «Երբ գործը դրան հասնի, ամեն ինչ հստակ կլինի: Սա էն իրավիճակն է, որտեղ մտածելու շատ բան կա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա: Դուք սպասում եք բողոքարկման արդյունքների՞ն՝ մեր թղթակիցը հարցրել է «Ա1+»-ի ղեկավարին: «Բոլոր տիպի զարգացումներին եմ սպասում: Ես համոզված եմ, որ զարգացումներ լինելու են եւ արդարացի զարգացումներ են լինելու, ոչ թե՝ հնարովի եւ շինծու: Եվ էդ զարգացումներից էլ կախված կլինի իմ քայլերը»,- պատասխանել է Մեսրոպ Մովսեսյանը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում