Բրիտանական փաստաբանական ընկերությունը կպատժվի Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնյան Child & Child փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով կենթարկվի կարգապահական տրիբունալի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The Guardian-ը:
Փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի դուստրերի անունով օֆշորային ընկերություն է գրանցել:
Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, Մեծ Բրիտանիայում ունեցած իրենց բիզնեսներն ու սեփականությունը կառավարելու նպատակով Վիրջինյան կղզիներում հիմնել են «Exaltation Limited» գաղտնի ընկերությունը:
Child & Child-ը, ով գրանցել է այդ ընկերությունը փաստաբանական տրիբունալի առջև է կանգնելու այդ գործում առկա թերությունները՝ ներառյալ «փողերի լվացման տեսանելի վտանգը» չնկատելու մեղադրանքով:
Մեծ Բրիտանիայի փաստաբանների կարգավորիչ պալատը պատրաստվում է տարվա ընթացքում կազմակերպել լսումներ, որոնց ժամանակ ընկերության ղեկավարը առաջադրված մեղադրանքների առնչությամբ վկայություններ կտա:
Միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ լրագրողական հետազոտությունների արդյունքներով հրապարակումներ են արվել Ադրբեջանում, տարբեր երկրներում, արտասահմանյան եւ տեղական ընկերություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածքի մասին:
Իլհամ Ալիևը ապրիլի վերջին Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել էր Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում էր ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևի այցը պայմանավորված էր նրա ընտանիքի անդամների կողմից անընդհատ իրականացվող կոռուպցիոն գործարքների շուրջ սկսված միջազգային ուսումնասիրություններով: Ալիևը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր բրիտանական կառավարության առանցքային պաշտոնյաների հետ: Հաղորդման համաձայն՝ Ալիևը փորձում է փրկել իրավիճակը և ամեն գնով ծածկել իր ընտանիքի շարունակական չարաշահումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում