Արմեն Երիցյանն այս քարոզարշավից դուրս եկավ որպես հասարակական-քաղաքական գործիչ. Հ. Շահինյան

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկրի» առաջին համար Արմեն Երիցյանն այս քարոզարշավից դուրս եկավ որպես հասարակական-քաղաքական գործիչ, երբ մինչ այդ հանրությանը հայտնի էր միայն «որպես փորձառու իրավապահ, նախարար, ով համակարգ է կայացնում»:

«Նա մտավ ասպարեզ, և դեռ առջևում են նրա հաղթանակները, ես դրանում համոզված եմ: Կարծում եմ՝ մենք էն տարիքում ենք, որ էդ ամեն ինչի ականատեսն ենք լինելու»,- Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց ՕԵԿ ցուցակի երկրորդ համար Հովհաննես Շահինյանը՝ չհամաձայնելով մամուլում հնչած այն գնահատականի հետ, որ ՕԵԿ-ի կրած պարտությունը վնասեց Արմեն Երիցյանի վարկանիշը:

Հովհաննես Շահինյանն ավելացրեց, որ Արմեն Երիցյանը այս քարոզարշավի ընթացքում ավելի մոտ կանգնեց քաղաքացուն, և որ երևանցիները դեռ երկար կհիշեն Արմեն Երիցյանի գաղափարներն ու մոտեցումները:

«Նաև ասեմ, որ ՕԵԿ-ը Արմեն Երիցյանով չէր մասնակցում, ՕԵԿ-ը մասնակցում էր քաղաքական թիմով, ուղղակի Երիցյանն առաջին համարն էր»,- ասաց «Օրինաց երկրի» երկրորդ համարը՝ կրկին չհամաձայնելով դիտարկման հետ, որ ըստ որոշ վերլուծությունների՝ Արմեն Երիցյանը առաջին համար դարձավ ՕԵԿ վարկանիշը բարձրացնելու համար, բայց ընտրությունների արդյունքում պարզվեց, որ կուսակցության վարկանիշն է ազդում նրա վրա:

Նույն գնահատականն էլ նա տալիս է իր անձի հետ կապված:

«Մենք մեր ողջ կյանքում ապրել ենք այնպես, ինչպես ապրել ենք, ինչը՞ պետք է փոխի»,-հարցրեց Հովհաննես Շահինյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում