Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներ դեռ հստակ չեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ժամկետների մասին դեռ չի խոսի:
«Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողովները, եթե մենք դրանով ենք գնում ընտրությունների, ապա արդյո՞ք դա է մեր ուզածը, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարողանում են այդ մեխանիզմներով, այդ օրենքով իրենց կամքն ամրագրել: Ես այդպես չեմ կարծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արարատ Միրզոյանը:
Առաջին փոխվարչապետը կարծում է, որ շատերը կկիսեն իր մոտեցումն այն մասին, որ այդ ոլորտում բազմաթիվ շտկումների կարիք կա:
«Ես թվարկեցի միայն երկուսը, սակայն հարակից ուղղությամբ բազմաթիվ անելիք կա: Մենք պետք է մշակենք մեխանիզմներ, որ գործարարները ոչ թե սահմանափակում ունենան, այլ՝ բիզնես գործունեության երաշխիք, և շահագրգիռ չլինեն քաղաքականության մեջ մտնելու հարցում, որ բիզնեսի անվտանգությունն ապահովեն: Պետք է մարդիկ հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսով և հետաքրքրված չլինեն գնալ մտնեն քաղաքականության մեջ»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Լրագրողը նաև հետաքրքրվեց նոր պաշտոնում նրա զգացողությունների մասին:
«Իշխանության մեջ լինելը նախ անսովոր է, դրանից բացի, շատ ծանր պատասխանատվություն է և ծառայություն, ինչպես ես սովորաբար դրան ասում եմ: Պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվելու, մենք ապրելու ենք աշխատավարձով»,-հավելեց առաջին փոխվարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում