«Մասսայական ֆուտբոլ» ծրագիրը արժանացել է ՈՒԵՖԱ-ի HatTrick մրցանակին
Նմանատիպ
Գեոթիմ ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ՝ «Սպորտի և խաղաղության դպրոցներ» նախագիծը «մասսայական ֆուտբոլ» անվանակարգում 53 երկրների ծրագրերի մեջ արժանացել է ՈՒԵՖԱ-ի HatTrick ծրագրի մրցանակին, որպես համայնքային լավագույն ծրագիր:
Ապրիլի 27-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 11-րդ տարեկան ժողովի ընթացքում «մասսայական ֆուտբոլի լավագույն ծրագիր» մրցանակը ՀՖՖ-ին է հանձնել ՈՒԵՖԱ-ի Hattrick կոմիտեի անդամ, Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը:
2012 թ. ընթացքում ավելի քան 140 երեխա Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սարավան, Գորայք և Գնդեվազ համայնքներից մասնակցեցին նախագծին: Ծրագրի կարգախոսը՝ «Մեկ թիմ, մեկ նպատակ», արտահայտում էր ծրագրի էությունը’ բոլոր գործընկերների՝ Գեոթիմի, ՀՖՖ-ի և համայնքների համատեղ ջանքերով նպաստել երեխաների զարգացմանը’ ինտերակտիվ միջոցառումների, ամառային ճամբարի, ֆուտբոլային մրցաշարերի, միջհամայնքային մրցույթների միջոցով: Ծրագրի ընթացքում երեխաները նաև գիտելիք ձեռք բերեցին առողջ ապրելակերպի մասին, սովորեցին թիմային աշխատանքի միջոցով խնդիրներ լուծել: Ծրագրի շրջանակներում համայնքի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները ձեռք բերեցին մարզչի հմտություններ և սպորտի ու ֆիզիկական պատրաստվածության բնագավառում տեխնիկական նորամուծություններ սովորեցին, որոնք այժմ կիրառում են համայնքների դպրոցներում:
Ծրագիրը Գեոթիմի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մաս է և նպատակ ունի խրախուսելու սպորտը և թիմային աշխատանքը Ամուլսարի ազդակիր համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի երեխաների շրջանում: Ծրագիրը նաև ուղղված է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, հանդուրժողականության և միմյանց ճանաչելու կարևորության ընդգծմանը:
Գեոթիմն այժմ աջակցում է ծրագրի շարունակությանը և ընդլայնմանը՝ ներառելով 160 երեխա Գորայքից, Սարավանից, Գնդեվազից և Կեչուտից: Դպրոցի 4 մանկավարժներ նույնպես կլինեն ծրագրի մասը 2013թ. ամբողջ ընթացքում:
Կորպորատիվ պատասխանատվությունը Գեոթիմի համար ոչ միայն հիմնական գործառույթների միջազգային բարձր չափանիշներին համապատասխանեցումն է, մասնավորապես՝ բնապահպանական և սոցիալական լավագույն կառավարումը, ֆինանսական թափանցիկությունը և հաշվետու լինելը: Մենք նաև, որպես սոցիալական պատասխանատվության մաս ենք դիտարկում համայնքների համար առավելագույն օգուտների ապահովումը, այդ թվում՝ հանրային և մշակութային կյանքի բարելավման ոլորտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում