Գյուղատնտես կանանց ներուժը կներդրվի տնտեսության զարգացման մեջ

Գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց հնարավորությունները մեծացնելու նպատակով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ծրագիր է իրականացնում։ Աշխատաժողովում «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի ավարտական փուլում ամփոփվեց իրականացված աշխատանքը։ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը դրական գնահատեց մեկ տարի շարունակ կատարված աշխատանքները՝ նշելով, որ գյուղական համայնքներում կազմակերպված դասընթացներն ու խորհրդատվությունը օգտակար եղան գյուղատնտեսության ոլորտի կանանց համար։

«Կանայք, ավելի լայն պատկերացումներ ու գիտելիքներ ունենալով գյուղատնտեսության վերաբերյալ, կարող են նպաստել տնտեսության զարգացմանը։ Բարձրացնելով տնտեսության մեջ կանանց մասնակցությունը ՝ հնարավոր է ստեղծել առավել ամուր տնտեսություն»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ կանանց ներուժը պետք է օգտագործել պետության զարգացման համար։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում պատրաստվել է տեղեկատվական գրքույկ, որտեղ ներկայացված է գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների մասին տեղեկատվություն։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը կարևորեց պետական մարմինների համագործակցությունը հասարակական սեկտորի հետ։ «Արտադրող, վերամշակող, ֆինանսական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումը կարևոր է տնտեսության զարգացման համար։ Հաշվի առնելով, որ վերամշակման գործընթացը Հայաստանում բավական զարգացած է՝ հարկավոր է ուշադրություն դարձնել արտադրությանը և վերամշակմանը»,-ասաց Մակարյանը։ Նրա կարծիքով՝ համատեղելով բոլոր ուժերը՝ պետք է կազմակերպել փորձի փոխանակում։

«Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրն իրականացվում է 2012 թվականի մարտից, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների և խմբերի համար։ Ծրագրի նպատակն է խրախուսել համայնքների կին գյուղատնտեսներին ու նպաստել նրանց կարողությունների զարգացմանը։ Ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպվել են նպատակային ուսուցողական դասընթացներ և խորհրդատվություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում