Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալեց Դանիայի արտաքին քաղաքականության հանրության ներկայացուցիչներին

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) իր հարկի տակ հյուրընկալեց Դանիայի արտաքին քաղաքականության հանրության մի խումբ ականավոր ներկայացուցիչների եւ հյուրերի խնդրանքով պարզաբանեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող որոշ խնդիրներ, մարտահրավերներ ու հեռանկարներ:

Կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԱՀՀԿ հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մասնակիցներին համառոտակի ներկայացրեց անցյալ դարասկզբին Հայաստանի պետականության ընդհատված ժառանգությունը եւ ընթացիկ պետականաշինության գործում առկա հիմնախնդիրները: «Որպես համագործակցության ու մրցակցության միջավայր՝ տարածաշրջանն ունի ռազմավարական նշանակություն, եթե հաշվի առնենք նրա աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական խոցելիությունը, մասնավորաբար՝ արտաքին ճնշումների բարդ հավասարակշռումն ու ներքին մարտահրավերների առկայությունը, որոնց դիմագրավմամբ է պայմանավորված լիարժեք ժողովրդավարական պետության կառուցման հրամայականը»,- նշեց Հովհաննիսյանը:

Մասնակիցների հետաքրքրվածությանն ի պատասխան՝ ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական փուլերին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության պայքարի ու անվտանգ համակեցության իրավունքին, ինչպես նաեւ ներկայիս պետականաստեղծ գործունեության հիմքում ընկած տնտեսական եւ իրավական դիտանկյուններին:

Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձեւաչափով, որի ընթացքում մասնակիցների հետ մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո Հայաստանի ներքաղաքական փոփոխությունների ու առաջիկա հնարավոր քաղաքական դիպաշարերի հետ կապված զարգացումների շուրջ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում