Բակո Սահակյանը շնորհավորել է Եռատոնի առթիվ, պարգեւներ հանձնել

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների:

Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր հերոս պապերն ու հայրերն իրենց արիությամբ ու սխրանքով կերտեցին հայրենիքի խիզախ պաշտպանի կերպարը, որը միշտ ուղեկցում էր մեզ, եւ որով դաստիարակվել ու դեռ կդաստիարակվեն շատ ու շատ սերունդներ: Նախագահը Պաշտպանության բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը բնութագրել է որպես մեր հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը, որը շրջեց պատմության անիվը’ ի օգուտ մեր ժողովրդի:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից ժամանած հյուրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում