ՀՀԿ-ն քննարկում է Երեւանի փոխքաղաքապետերի հարցը

«Հրապարակը» գրում է, թե ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ «կանոնակարգի»’ առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա:

Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը’ Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը’ դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ’ իր եղբորորդին կդառնա թաղապետ: Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում:

Երեկ պարոն Թոխմախի փոխարեն հեռախոսը վերցրեց նրա «հեռախոսապատասխանատուն», ասաց’ պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետեւ «ծով» զբաղմունք ունի: Բիզնեսո՞ւմ՝ հարցրինք, ասաց’ այո, նաեւ’ բիզնեսում:

Դավիթ Օհանյանն էլ չցանկացավ խոսել, որովհետեւ «մեր պատճառով եկել-իրենց տուգանում են»: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Սեբաստիայում անօրինական «սալյուտ» են խփել Տարոնի հաղթանակի առիթով. «Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում»: Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք: «Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել»,- կրկնեց Դավիթ Օհանյանը, իսկ ՀՀԿ-ում չբացառեցին Դավիթի՝ տեղակալ դառնալը: Չբացառեցին նաեւ, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում