Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել

Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր է, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին: 

Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։

Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իշխանյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։

Ճարտարապետի էջից տեղականում ենք, որ Թե՛ իր չափերով, թե՛ իր նշանակությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը իր արժանի տեղն է զբաղեցնում ինչպես Իսրայելյանական և ընդանրապես հայկական ճարտարապետության, այնպես էլ համաշխարհային ճարտարապետական դասագրքային կոթողների շարքում:

Սադարապատի հերոսամարտի հուշահամալիրի պատմությունը սկսվում է 1965 թվականին: Այն ժամանկվա Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանը քանդակագործ Սամվել Մանասյանին առաջարկել էր Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված մի հուշաքանդակ կանգնեցնել: Քանդակագործ Մանասյանը մտածում է քանդակել ավտոմատավոր զինվորի արձան` պատվանդանի վրա: Այնուամենայնիվ քանդակագործը որոշում է խորհուրդ հարցնել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանից: Իսրայելյանը գտնում է, որ մտահղացումը նոր չէ, կրկնվող է. այն ժամանակ շատ-շատ էին այդպիսի հուշարձանները ողջ Խորհրդային Միության տարածքով մեկ` զինվոր` ավտոմատով, զինվոր` երեխան գրկին, վիրավոր, ծնկաչոք զինվոր… Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել՝ պետք է ստեղծել հզոր գործ:

Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ իրականացնում է հոյակերտ հուշահամալիրի նախագիծը: Իսրայելյանի նախագծային տարբերակները բազում էին:

Ռաֆայել Իսրայելյանի` Սարդարապատի հուշարձանախմբի առաջարկած նախագծի առաջին տարբերակը ավելի պաթետիկ էր ստացվել. նա նախատեսել էր զանգաշտարակի տեղում 40 մետր բարձրությամբ վիթխարի, երկնասլաց թուր կանգնեցնել: Այս գաղափարը դուր չի գալիս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Քոչինյանն ասել էր. «Ռաֆո’, էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս»: Քոչինյանն ակնարկում էր, որ վրեժխնդրության ձգտում հիշեցնող որևէ բան չի կարող հաստատվել Կենտկոմում: Ռաֆայել Իսրայելյանը թրի փոխարեն նախագծում է զանգաշտարակը: Հետագայում ճարտարապետն ինքն էլ այս տարբերակն արդարացված համարեց, քանի որ Սարդարապատի ճակատամարտի մասնակիցները հավաքվել ու թուրքական բանակին դիմավորել էին եկեղեցու զանգերի ղողանջներով:

Հոկտեմբերյանցիները շատ էին ոգևորված հերոսամարտի հաղթանակին նվիրված հուշահամալիրի կառուցմամբ: Համալիրի կառուցման միջոցները հատկացրել էին Հոկտեմբերյանի սովխոզներն ու կոլխոզները:

Համալիրի կառուցումը ընդմիջվում է, երբ պարզ է դառնում, որ միջոցները չեն բավարարում թանգարանի շինության կառուցման համար: Իսրայելյանը բոլորովին հուսահատվում է, որ իր նախատեսած «Ազգային ազատագրական պայքարի թանգարանաը» անորոշ վիճակում է մնացել. նա «Իմ գործերի մասի» հոդվածում գրել է. «Իմ մյուս աշխատանքը, որը ինձ համար նույնպես կենսական է, Հոկտեմբերյանում կառուցվող թանգարանի շենքն է, որի վրա մինչև հիմա էլ աշխատում եմ և հետևում շինարարությանը:

Ցավոք, այս կառույցը շինարարական ծանր վիճակում է և պահանջում է հատուկ ուշադրություն և վերաբերմունք, քանի որ դա մեր երիտասարդ սերնդիդաստիարակության համար կկատարի շատ կարևոր դեր»:

Սակայն Հնագետ Լավրենտի Բարսեղյանը նրան առաջարկում է տեր կանգնել այդ թանգարանին և այն նվիրել Հայաստանի ազգագրությանը: Այդ միտքը շատ էր ոգևորել հեղինակին, որը, դժբախտաբար չտեսավ այն ավարտված վիճակում: Բարսեղյանի ջանքերով գլուխ է գալիս թանգարանի ավարտման գործը: Հենց նա էլ դառնում է առաջին, հիմնադիր տնօրենը և մեծ ջանքերով ստեղծում հիանալի ազգագրական թանգարան, որը բացվեց 1978 թվականին: Այժմ այն կոչվում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Փաստորեն, ի վերջո իրականացավ և’ Իսրայելյանի մտահղացումը ազատագրական պայքարի ցուցադրման առումով, և’ Բարսեղյանի գաղափարը` որպես Հայոց ազգագրության թանգարան:

Աղբյուր՝ Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում