Օրհներգը պետք է ունենա ոգեշնչող բառեր և վերելք տանեղ երաժշտություն
Նմանատիպ
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Հարգելի նախագահ, մեր հանրապետության ինքնությունը հաստատող խորհրդանիշները՝ անունը, պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, ներկա պայմաններում իրենց բովանդակությամբ լիարժեք չեն ներկայացնում հայի հոգեկերտվածքն ու նպատակները: Նկատի ունենալով, որ մեր երկրում տեղի ունեցող վերջին փոփոխությունները մեկ անգամ եւս հաստատում են հին խորհրդանիշներով Նոր Հայաստանի կառուցման անհամատեղելիությունը, առաջարկում ենք.
ա/ «Հայաստանի Հանրապետություն» անվանումը փոխարինել «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն»-ով, մատնանշելով կորուսյալ Արեւմտյան Հայաստանի խնդիրը, եւ ամբողջական Հայաստանի վերամիավորման նպատակը:
բ/ Կենդանական աշխարհով հարուստ զինանշանը փոխարինել եւ վերահաստատել Մ. Սարյանի հեղինակած առանցքում սրբազան Արարատով զինանշանը որոշ փոփոխություններով՝ հեռացնել Արեւը փակող մուրճը, մանգաղն ու հնգաթեւ աստղը, եզրաշերտում գրել «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն», իսկ ներքեւում «Հայեր, միացեք հանուն հայրենիքի» կարգախոսը:
գ/ Հրաժարվել դրոշի վրա հրեաների Հին կտակարանի Ելից գրքում նկարագրված վարագույրների գույներից՝ «կապույտ», «ծիրանագույն» ու «կարմիր» եւ օգտագործել հայկական թագավորությունների զինանշաններին հատուկ ոսկեգույնը:
դ/ Վերադառնալ Ա. Խաչատրյանի Հայկական ԽՍՀ օրհներգի երաժշտությանը: Մենք համոզված ենք, որ նրանք, ովքեր հետամուտ են մեր ազգային նպատակներին, զգում են նշված փոփոխությունները կատարելու խիստ անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, շատ հապճեպորեն որոշվեց ՀՀ օրհներգի հարցը, եւ քանի որ նորը գրելու ժամանակ չկար, ստիպված ընդունվեց անհաջող ավարտ ունեցած, ընդամենը երկու տարի գոյատեւած Առաջին հանրապետության օրհներգը: Գաղտնիք չէ, որ Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» նախատեսված չի եղել օրհներգի համար: Այլ տեսանկյունից մեր օրհներգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին՝ կրկներգ չունենալու պատճառով: Կա նաեւ հիմնավոր այլ թերություն, որ այն վերջանում է մահ ազդարարող կոչով, հետեւաբար անթույլատրելի պետք է համարել նրա հետագա կիրառությունը վերածննդի հեռանկար ունեցող հայ ժողովրդի համար:
Օրհներգը պետք է ունենա ոգեշնչող բառեր եւ վերելք տանող երաժշտություն: Ողջունելի է, որ 2004 թվականին ՀՀ նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում ներկայացված 85-ից 45-ի խոսքերը Ա. Խաչատրյանի երաժշտությամբ էին, եւ հանձնաժողովը որոշել էր վերադառնալ հենց այդ երաժշտությանը, իսկ խոսքերի համար պետք էր, որ մեկ տարվա ընթացքում նոր մրցույթ հայտարարվեր, ինչը, սակայն, մինչեւ օրս չի կատարվել:
Հարգելի նախագահ, գտնում ենք, որ հաշվի առնելով խորհրդանիշների դերակատարության կարեւորությունը պետության զարգացման գործում, կընդառաջեք մեր վերոնշյալ առաջարկությունների ի կատար ածմանը:
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» հ/կ
Աղբյուր՝ Aravot.am: