ՀԱԿ-Ի գնահատմամբ՝ ԲՀԿ-ն կաշառք չի բաժանել

Ընտրությունների ավարտից ժամեր անց առաջինը գնահատական տվեց Հայ ազգային կոնգրեսը. «Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվության են արժանանալու հաստատապես»։

ՀԱԿ-ը պատրաստվում է նաև բողոքարկել ընտրությունների արդյունքները: Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկացել է Վահագն Հայոցյանից: ՀԱԿ-ում դյուրագրգիռ վիճակում էին: Վահագն Հայոցյանը թղթակցի երկրորդ հարցից բռնկվել է և հորդորել այլևս հարցեր չտալ. «Ձեզ ասում եմ՝ քննարկում ենք, որ բողոքարկենք, դուք ինձ խանգարում եք»:

Թերթը հիշեցնում է, որ ՀԱԿ-ը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ընտրողների 4,39 տոկոս քվեն, կհաջողվի՞ այդ ցուցանիշը բողոքարկումով բարելավել: Հայոցյանը նույն «բարեկրթությամբ» արձագանքել է՝ կանխատեսումներով չի ուզում զբաղվել: Քաղաքագիտական որոշ շրջանակներ ՀԱԿ ստացած ցածր ցուցանիշը բացատրում են նրանով, որ դա նախագահական ընտրություններին չմասնակցելու գինն է: Կիսո՞ւմ է Հայոցյանն այս տեսակետը: «Ամեն ինչ էլ հնարավոր է, ես չեմ ուզում գնահատել, պետք է հասկանամ ինչ է կատարվել՝ նոր: Իսկ հիմա զբաղված եմ»: Իսկ բողոքարկման ՀԱԿ դիմումում տեղ գտնելո՞ւ են ԲՀԿ-ի կողմից իրականացված խախտումները, ընտրակաշառքի դեպքերը: Պրն Հայոցյանը կտրուկ պատասխանել է, թե իրեն հայտնի չէ նման որևէ դեպք: Փաստորեն, միայն Հանրապետակա՞նն է կեղծիքների դիմել, և միայն նա՞ է պատասխան տալու: «Այո, ինչպես միշտ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում