ԱԻՆ. Նոր սեյսմիկ կայաններ կտեղադրվեն ՀԱԷԿ-ի շուրջ

Ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Անգլիական արտադրության «Guralp» մակնիշի նորագույն կայանները ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությանն է տրամադրել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

Ներկա փուլում կատարվում են փորձարարական աշխատանքներ’ ՍՊԾ Ազգային մոնիթորինգային ցանցի դիտակետերում սեյսմիկ աղմուկները գրանցելու, ստացված տվյալները վերլուծելու և իրական ժամանակում հաղորդելու ուղղությամբ:

Ստուգողական չափումների նպատակն է ընտրել ընդունված պահանջներին բավարարող դիտակետեր, որտեղ աշխատանքների հաջորդ փուլում կտեղադրվեն մշտապես գործող սեյսմիկ կայաններ:

Նախատեսվում է, որ ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ստուգողական չափումներն արդեն անցկացվել են «Մեծամոր», «Լեռնագոգ», «Ամբերդ», «Արուճ-1», «Արուճ-2», «Վանանդ», «Վարդանաշեն», «Դվին», «Կապուտան» և «Փարաքար» դիտակետերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում