Ս. Սարգսյան. Կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով

Կառավարության նոր կազմով առաջին նիստին  ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս, ելույթ ունենալով, խոսեց վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից:

«Յուրաքանչյուր ընտրություն փարձություն էր մեր երկրի և մեր երիտասադրդ ժողովրդավարության համար: Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ և դուրս եկանք ավելի ամրացած:

Մեկ տարվա ընթացքում մենք անցանք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք մեր երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն արդեն իսկ իրեն դրսևորել է որպես ուժեղ և գործուն քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք քաղաքական նոր մշակույթ, իսկ ավագանու ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են և աշխատանքը գերադասում են շոուներից:

Այժմ մեզ սպասվում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելով՝ մեր աշխատանքին անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում՝ ավելի ապահով Հայաստան կերտելու ժամանակը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ արդյունավետ աշխատելու համար որևէ խոչընդոտ չի տեսնում:

«Ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ. մենք ասել ենք, որ մենք մեր աշխատաքով հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով:

Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը յոթ տոկոս տնտեսական աճ, այս խնդիրը լուծվեց, և այս տարի ևս նույն խնդիրն է դրված: Այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական փոփոխությւոններ: Հարցնելու ենք՝ ոչ թե ինչ է արվել, այլ արվածը ինչ արդյունքներ է տվել, և այդ արդյունքները պետք է լինեն չափելի և տեսանելի»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում